Բաժիններ՝

Ռուսաստանի Սեւծովյան նավատորմը նշում է իր 238-ամյակը

Ռուսաստանի Սեւծովյան նավատորմն իր 238-ամյակը նշում է աննախադեպ իրադրության պայմաններում, երբ ստիպված է հետեւել տարածաշրջանում ՆԱՏՕ-ի նավերի ավելացող քանակին: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին պատմել են ծովակալները, որոնք ավելի վաղ հրամանատարություն են արել այս օպերատիվ-ռազմավարական միավորումում։

Ռուսաստանի Սեւծովյան նավատորմը մայիսի 13-ին նշում է իր ստեղծման 238-րդ տարեդարձը: Սեւծովյան նավատորմի հրամանատար (1996-1998 թթ.) Ռուսաստանի ռազմածովային նավատորմի գլխավոր շտաբի պետ եւ նավատորմի առաջին փոխհրամանատար (1998-2005 թթ.) Վիկտոր Կրավչենկոն Սեւ ծովում ՆԱՏՕ-ի նավերի հետ կապված իրադրությունը համարել է աննախադեպ:

«Աննախադեպ իրադրություն է, երբ Սեւ ծով, մերձսեւծովյան պետությունների ներքին ծով են մտնում օտարերկրյա նավերը»,-ասել է Կրավչենկոն: Նա հիշեցրել է, որ նույնիսկ Խորհրդային Միության ժամանակներում նման քանակությամբ նավերի մուտքեր չեն եղել: Ծովակալի խոսքով՝ դա կարող է կապված լինել այն բանի հետ, որ մերձսեւծովյան երկրների մեծ մասը՝ Ուկրաինան, Վրաստանը, Բուլղարիան եւ Ռումինիան, այսօր բարեկամաբար չեն տրամադրված Ռուսաստանի նկատմամբ եւ այդ պատճառով ՆԱՏՕ-ի մյուս երկրներին հրավիրում են համատեղ վարժանքներին մասնակցելու համար:

Սեւծովյան նավատորմն իրադրությունը վերահսկողության տակ է պահում եւ հետեւում է հյուրերին, նշել է Կրավչենկոն: Նրա խոսքով՝ ներգրավվում են ոչ միայն նավերը, այլեւ ռադիոտեխնիկական միջոցները, ինչպես նաեւ ավիացիան:

Ինչպես նշել է Սեւծովյան նավատորմի մեկ այլ նախկին հրամանատար (1998-2002 թթ.) ծովակալ Վլադիմիր Կոմոյեդովը, ՆԱՏՕ-ի երկրների, առաջին հերթին ամերիկացիների, նման գործելակերպը կապված է նրանց անքաղաքավարության հետ: Միեւնույն ժամանակ նա նշել է, որ Սեւծովյան նավատորմը Ղրիմի զորքերի խմբավորման հետ միասին կարող է ոչ միայն հարված հասցնել եւ ոչնչացնել հակառակորդին, այլեւ «բարոյալքել եւ նրան հասցնել մինչեւ շրիշակի, մինչեւ վատերվեյսի մակարդակի», հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս