«Գործ ունենք ծաղկաքաղ, ընտրանքային մեղադրանքի հետ». Սերժ Սարգսյանի պաշտպանները միջնորդեցին ստանալ քրեական մայր գործի ողջ նյութերը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, կայացավ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով հերթական դատական նիստը:

Նիստի ընթացքում Սերժ Սարգսյանի պաշտպանները դատավորին միջնորդեցին իրենց տրամադրել քրեական մայր գործի ամբողջական նյութերը: Պաշտպանները դատարանում հիշեցրին, որ մայր գործը, որից անջատվել էր Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքով գործը, հարուցվել էր 2019 թվականի ապրիլի 12-ին ՔՕ 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ Սևակ Քոչարյանի ցուցմունքների հիման վրա, ապա 6 ամիս նախաքննություն իրականացնելուց հետո հարուցվել էր ՔՕ 179-րդ հոդվածի 3-րդ մասով քրեական գործ, որով մեղադրանք էր առաջադրվել Սերժ Սարգսյանին, և նշեցին, որ իրենց տրամադրվել են միայն անջատված քրեական գործի վերաբերյալ նյութերը:

Պաշտպանների խոսքով՝ հիմնական քրեական գործերի նյութերը ևս պետք է կցվեն այս քրեական գործին, ուստի միջնորդեցին դատարանին աջակցել պաշտպանական կողմին՝ ձեռք բերելու անհրաժեշտ նյութեր, մեղադրանքի կողմից պահանջել և ստանալ, ինչպես նաև քրեական գործին կցել և պաշտպանական կողմին ծանոթանալու համար տրամադրել հիմնական քրեական գործով բոլոր նյութերի պատճենները, ինչպես նաև այդ գործով տուժող ճանաչված Սևակ Քոչարյանի դիմումում, բացատրությունում և ցուցմունքներում վկայակոչված ենթադրյալ այլ հանցագործությունների մասին հայտնած տեղեկությունների վերաբերյալ իրավական գնահատականներ պարունակող որոշման կամ որոշումների պատճենները:

«Այս պայմաններում մենք գործ ունենք ավելի պարզ ասած՝ ծաղկաքաղ մեղադրանքի հետ, ընտրանքային մեղադրանքի հետ, որ վարույթ իրականացնող մարմինն ընտրանքային կարգով ինչ ուզել է՝ վերցրել է, դրել է մյուս փաթեթում: Ավելի պարզ ասած՝ տեսնենք՝ մյուս, հիմնական փաթեթում ի՞նչ կար, որ վարույթն իրականացնող մարմինը չի դրել: Իսկ որ վարույթն իրականացնող մարմնի անբարեխղճության մեջ մենք համոզված ենք, կասկածի տեղիք դա մեզ չի տալիս»,- ասաց Ամրամ Մակինյանը:

Դատախազ Արսեն Մարտիրոսյանն էլ հայտնեց, որ 2019թ. ապրիլին նախ ոստիկանությունում է հարուցվել քրեական գործ, ապա նյութերը փոխանցվել են Հատուկ քննչական ծառայությանը, որն էլ ներկայացրել է բոլոր անհրաժեշտ նյութերը: Ըստ դատախազի՝ փաստաբանների դիտարկումները, թե ընտրանքային մեղադրանք է կամ ծաղկաքաղ արված մեղադրանք, ըստ դատախազի, առարկայազուրկ են:

«Նշված քրեական գործում տեղակայված են այն բոլոր ապացույցները, այն բոլոր դատավարական փաստաթղթերը, որոնք դրված են բացառապես մեղադրանքի հիմքում, ամբաստանյալի մեղադրանքի հիմքում»,- ասաց դատախազ Արսեն Մարտիրոսյանը՝ հավելելով, որ մյուս նյութերով հարուցվել է այլ քրեական գործ, որն այժմ գտնվում է նախաքննության փուլում,  և, որ այդ գործում կան փաստեր, որոնք այս քրեական գործին կամ ամբաստանյալին վերաբերելի չեն, ու խնդրեց դատարանին մերժել պաշտպանական կողմի միջնորդությունը:

Պաշտպանները, պնդելով միջնորդությունը, պատրաստակամություն հայտնեցին անգամ դռնփակ նիստում քննարկել մայր գործի այնպիսի նյութեր, որոնք կարող են դիտարկվել գաղտնիք պարունակող: Դատախազն էլ իր դիրքորոշման վերաբերյալ մի քանի քրեական գործերով որոշումներ մեջբերեց, որոնք պետք է ներկայացնի դատարանին, ինչից հետո նոր դատարանը կանդրադառնա միջնորդությանը:

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, որ նա 2008թ․ ապրիլի 9-ից մինչև 2018թ․ ապրիլի 9-ը ընկած ժամանակահատվածում, զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013թ․ հունվարի 25-ից մինչև նույն թվականի փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489,160,310 ՀՀ դրամի հափշտակություն։

Տեսանյութեր

Լրահոս