«Չունենք բանակցություններ վարող. վարչապետ կոչեցյալը գուցե ստորագրել է, որ այդ տարածքները տալիս է, գուցե արդեն ստորագրե՞լ է՝ ոչ մեկս չգիտենք». Աշոտ Մինասյան

«Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի՝ Աշոտ Երկաթի խոսքով՝ մարդ կա, առհասարակ չի գիտակցում, թե ինչ է կատարվում Սյունիքում ու ինչ է նշանակում թշնամու ներկայությունն այնտեղ. եթե գիտակցեին, ապա թշնամին չէր հասնի Սյունիքի սահմաններին։

«Այն մարդիկ, որոնք մտածում են, թե այս ամենից որևէ վտանգ չի սպառնում, թող գան՝ միասին բարձրանանք Իշխանասարի գագաթը, որից հետո, հուսամ՝ կհասկանան, թե ինչ է նշանակում, եթե Իշխանասարը լինի օտարի ձեռքում։ Կարծում եմ՝ այն մարդիկ, որոնք նման մտածողություն ունեն, իրենք ոչինչ չեն հասկանում սահմանից և առհասարակ ռազմավարությունից։

Միայն անհասկացող մարդիկ կարող են ասել, թե թշնամին լրիվ պատահաբար է  անցել սահմանը, ինչի՞ մասին է խոսքը։ Զինվորականներն աշխատում են քարտեզով, և գիտեն, թե ուր են գնում ու ինչ են կատարում։ Ինչպե՞ս կարելի է նման մտածելակերպ ունենալ ու ասել, թե մոլորվել են։ Հո զինվո՞ր չեն, որ մոլորվեն, նրանք զինվորականներ են, որոնք սպայակազմ են, գիտեն հաշվարկ անել, տեղանքը գիտեն։ Նախկին զինվորականները, որոնք կարծում են, թե պատահաբար է թշնամին սահմանն անցել, նշանակում է՝ իրենք քարտեզներից օգտվել չգիտեն»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Աշոտ Մինասյանը։

Նշենք, որ Սյունիքի մարզպետը և իշխանական որոշ պատգամավորներ հայտարարել էին, թե իբր թշնամու զինվորականները պատահաբար են առաջ եկել, այնքան պատահաբար, որ չեն հեռանում իրենց զբաղեցրած տեղից։

Ստեղծված իրավիճակում ի՞նչ պետք է անեն զինվորականները և ժողովուրդը, քանի որ իշխանությունը փաստացի որևէ բան չի անում՝ հարցին Աշոտ Մինասյանը պատասխանեց՝ դժվար հարց է։

«Ժողովուրդը ոչինչ անել չի կարող, այսօր մեր զորքի վիճակն էլ այնպես չէ, որ կարողանա որևէ բան անել, դիվանագիտական կորպուս էլ չունենք, որ կարողանա աշխատել։ Այսինքն՝ մենք չունենք բանակցություններ վարող, իսկ այն մարդը, այսպես ասած, վարչապետ կոչեցյալը, գուցե ստորագրել է, որ այդ տարածքները  տալիս է, գուցե արդեն ստորագրե՞լ է՝ ոչ մեկս չգիտենք»,- հավելեց նա։

Միաժամանակ նա ընդգծեց, որ Ադրբեջանի նախագահի հոխորտանքները՝ Հայաստանը, Սյունիքը վերցնելու վերաբերյալ, նոր չեն, այդ ամենը սկսվել է պատերազմի ժամանակ և շարունակվում է։

«Նա այդքան բան հոխորտում է մեր անողնաշար իշխանությունների պատճառով, միջազգային հանրությունն էլ լռում է, մեր իշխանությունն էլ առավել ևս լուռ է, որևէ պատասխան չի տալիս։  Գուցե գաղտնի ինչ-որ բան կա ձևավորված, որի վերաբերյալ մեր ժողովուրդն իրազեկված չէ։

Մենք չգիտենք՝ ի՞նչ է կատարվել, ի՞նչ փաստաթղթեր են ստորագրել, ի՞նչ են պայմանավորվել բանավոր կամ գրավոր, որովհետև ժողովրդի 99 տոկոսը, այդ թվում՝ ես, իրազեկված չենք։ Մեր խամաճիկ իշխանությունը չի տեղեկացնում, թե ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերել։ Ադրբեջանի թիկունքին կանգած է Թուրքիան, նա իրականացնում է մեծ ծրագիր, որի մի մասն է կազմում թուրանական ծրագիրը»,- եզրափակեց Աշոտ Մինասյանը։

Հիշեցնենք, որ մայիսի 12-ին տելեգրամյան ալիքները և տեղական լրատվական որոշ կայքեր գրել էին, որ Սյունիքում լարված իրավիճակ է, թշնամին անցել է Իշխանասարը և տեղակայվել Վերիշենի ուղղությամբ։ Այդ մասին լուրերը հաստատեցին  նաև Գորիսի փոխքաղաքապետը, Վերիշենի համայնքապետը։ Այնուհետև լուրը հաստատեց նաև Պաշտպանության նախարարությունը։

Տեսանյութեր

Լրահոս