Բաժիններ՝

Մայրը միացնում է բարձրախոսը, որ բոլորը լսեն. իսկ մյուս կողմից պատասխանում են՝ «Я из турецкого спецназа. Я убил твоего сына»…

«Մենք որ չգնանք մեր պապական հողը պաշտպանենք, բա ո՞վ պիտի պաշտպանի։ Մենք գնանք, որ մեր երեխաները ապագայում չգնան»,-պատերազմ գնալուց առաջ ծնողներին այսպես էր ասել ոստիկանության զորքերի ծառայող Հարություն Ասրյանը։

Արմատներով արցախցի Հարություն Ասրյանը ծնվել է 1998 թվականին, Արարատի մարզի Նոյակերտ գյուղում։ Մանկությունն անցել էր Ռանչպարում։

2016-2018 թվականներին ծառայել էր բանակում, իրականացրել մարտական հերթապահություն։ 2019 թվականին ծառայության անցավ ոստիկանության զորքերում։ Ծառայակից ընկերների հետ նաև մարտական հերթապահության էր մասնակցել։

Սեպտեմբերի 29-ին ոստիկանության զորքերի հետ Քարվաճառ մեկնեցին նաև ոստիկաններ Հարություն և Կարո Ասրյանները։
Նոյեմբերի 4-ից սկսած՝ ոստիկանության զորքերի ծառայողները, այդ թվում՝ եղբայրներ Հարությունն ու Կարոն, ծանր մարտեր էին մղում թշնամու դեմ։ Մարտերը գնալով թեժանում էին, թշնամու մեծաքանակ ուժերն ավելի էին մոտենում։

Մարտերի ընթացքում Հարությունն ու Կարոն առաջնագծից շատ քիչ էին հեռու։ Հարությունը, չգտնելով եղբորը, բարձրանում է դեպի Շուշի՝ կարծելով, որ եղբայրը առաջնագծում է՝ ավելի վտանգավոր վայրում։ Գնում է օգնության։ Որոշ ժամանակ անց Հարությունն ու ծառայակիցներն ընկնում են թշնամու շրջափակման մեջ։

Նոյեմբերի 7-ից սկսած՝ Հարությունից որևէ տեղեկություն չկար: Ի վերջո, մոր հեռախոսազանգերը տեղ են հասնում: Մայրը միացնում է բարձրախոսը, որ բոլորը լսեն: Իսկ մյուս կողմից պատասխանում են՝ «Я из турецкого спецназа. Я убил твоего сына»…

Հարություն Ասրյանն ընդամենը 22 տարեկան էր, բայց հասցրել էր թե՛ բանակում, թե՛ ոստիկանության զորքերի կազմով Հայաստանի սահմանին իրականացնել մարտական հերթապահություն, մասնակցել պատերազմի։ Ուներ բազմաթիվ նպատակներ, բայց ամեն ինչից վեր դասեց հայրենիքը։ Իր խոսքին հավատարիմ՝ հանուն պապական հողերի կռվեց մինչև վերջ ու դարձավ հայրենիքի անմահ զինվոր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս