«Թուրքն իմ վարչական տարածքում է, չասե՞մ, որտեղ կանգնել է` և՛ Խոզնավարն է երևում, և՛ Վաղատուրն ու Խնածախը. բոլոր «տոչկեքը» երևում են». Խոզնավարի գյուղապետ
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը մայիսի 12-ին լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով Սյունիքում տեղի ունեցող իրադարձություններին և այդ համատեքստում Խոզնավարի համայնքապետի հայտարարությանը, թե ադրբեջանցիներն իրենց զբաղեցրած դիրքերից առաջ են եկել, ասել էր՝ նախ պետք է ճշտել, թե Խոզնավարի համայնքի ղեկավարն ո՞վ է։
«Ո՞վ է նա, ո՞ր կուսակցությունից է, դա էլ ճշտեք, հետո նոր ձեզ համար ամեն ինչ պարզ կլինի։ Շատ հետաքրքիր է՝ Խոզնավարի համայնքապետն ո՞վ է, որ նման բաներ է ասում»,- նշել էր Անդրանիկ Քոչարյանը։
168.am–ի հետ զրույցում Խոզնավարի գյուղապետ Վարո Գրիգորյանը նախ զարմացավ, թե առհասարակ ինչ առնչություն ունի կուսակցական պատկանելությունն իր ասածների հետ, առավել ևս, որ ինքը որևէ կուսակցության չի պատկանում։
«Հիմա թուրքն իմ վարչական տարածքում է կանգնած, չասե՞մ, որ եկել, այստեղ են կանգնել։ Սա է եղել իմ ասելիքը։ Ես կուսակցական չեմ, նման քաղաքական հարցերն ինձ չեն հետաքրքրում»,- նշեց Խոզնավարի գյուղապետը։
Նա դժվարացավ ասել, թե ինչ նպատակ է հետապնդում իշխանական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը, երբ անվտանգային հարցերի մասին բաձրաձայնողների դեպքում ուշադրություն է հրավիրում նրանց կուսակցական պատկանելության վրա։
«Մենք ընդամենը 400 հեկտար տարածք ունենք, թուրքն եկել, նստել է իմ վարչական տարածում, որ սրա մասին չբարձրաձայնեմ, բա ի՞նչ անեմ։ Ընդհանուր գյուղում իրավիճակը նորմալ է, բայց դե այնպես չպետք է լինի, որ թուրքը գա, նստի գյուղի տարածքում, լիքն են, էլի։ Իրենք եկել են ու դեռ հետ չեն գնացել, որտեղ կանգնել են՝ և՛ Խոզնավարն է երևում, և՛ Վաղատուրն ու Խնածախը, բոլոր տոչկեքը երևում են»,- շեշտեց նա։
Ինչ վերաբերում է իշխանության ներկայացուցիչների և Սյունիքի մարզպետի հայտարարություններին, թե թշնամին պատահաբար է հայտնվել հայկական դիրքերի մոտ, Խոզնավարի գյուղապետը նկատեց.
«Լավ էլի… այսօրվա դրությամբ մեր գյուղը չորս կողմից գրեթե փակված է։ Ես չեմ ուզում խոսել, մեկ է, եթե խոսում եմ, սկսում են այդտեղից իրար ուտել, պատասխանել, չեմ ուզում»,- եզրափակեց Վարո Գրիգորյանը։
Հիշեցնենք, որ մայիսի 12-ին տելեգրամյան ալիքները և տեղական լրատվական որոշ կայքեր գրել էին, որ Սյունիքում լարված իրավիճակ է, թշնամին անցել է Իշխանասարը և տեղակայվել Վերիշենի ուղղությամբ։ Այդ մասին լուրերը հաստատեցին նաև Գորիսի փոխքաղաքապետը, Վերիշենի համայնքապետը։ Այնուհետև լուրը հաստատեց նաև Պաշտպանության նախարարությունը։