Ամեն կրակ կարող է մեծ հրդեհ բացել տարածաշրջանում, դրա համար Հայաստանը պետք է գործընկերների հետ  հարաբերություններն ամրացնի. Փույա Հոսսեյնի

Իսրայելում շարունակվում են հրթիռակոծություններն ու ավիահարվածները։ Անհանգիստ է իրավիճակը նաև հարևան Իրանի շուրջ: Արևմուտքի հետ Թեհրանի հարաբերությունների և միջուկային ծրագրի հեռանկարները որքան մշուշուտ, այնքան էլ անհանգստացնող են:

«Իրանը նոր չէ, որ այդ հակամարտության մասնակից է, տարիներ շարունակ հակամարտության աջակից է՝ Պաղեստինի կողմից: Եթե մի քիչ հետ գնանք, ապա այդ տարածաշրջանում կա մեկ հակամարտություն՝ Արևմուտք և Մերձավոր Արևելքի երկրներ: Բոլոր երկրներն ուզում են տարածաշրջանում հաստատել իրենց ազդեցությունը և մեծացնել: Իրանը երկար ժամանակ զինել է Համասը, Պաղեստինի խմբավորումները՝ նման օրվա համար, որ, եթե Իսրայելն ուզենա տարածաշրջանում սպառնալ Իրանին, ինքը կարողանա այդ ձև պատասխան տալ ու չեզոքացնել սպառնալիքը»,- «Հոդված 3» ակումբում ասաց «Հայաստան-Իրան ռազմավարական համագործակցության զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Փույա Հոսսեյնին՝ հավելելով, որ Իսրայելն առաջվա նման ազդեցություն չունի տարածաշրջանում, փոխվել են խաղի կանոնները, Իսրայելի անվտանգությունը շատ խոցելի է դարձել:

«Տեսնում եք, թե Իսրայելի քաղաքներն ինչ վիճակում են, անգամ քաղաքացիներն անվտանգ չեն, և դա պետք է որպես նոր փաստ ընդունեն տարածաշրջանի երկրները և հակամարտության կողմերը: Ձևավորվել են նոր խաղի կանոններ»,- նշեց նա:

Արաբագետ Արաքս Փաշայանն էլ, շարունակելով գործընկերոջ խոսքը՝ նշեց, որ Թուրքիայի ազդեցությունը Պաղեստինի վրա բավական մեծ է:

«Արցախյան պատերազմի օրերին Գազայում Համասի կողմից կազմակերպվեցին առանձին ցույցեր՝ Հայաստանի և Արցախի դեմ և շատ ագրեսիվ օրակարգով, քանի որ ռազմաքաղաքական առանձին ուժեր, հասարակական շրջանակներ ուղղորդվում էին Թուրքիայի կողմից:  Թուրքիայի ազդեցությունն ընդլայնված է ոչ միայն Մերձավոր Արևելքում, այլև Բալկաններում: Արցախյան պատերազմից հետո դեպի Հարավային Կովկաս և Միջին Ասիա Թուրքիայի առաջխաղացումը շատ ավելի շոշափելի է, քան նախկինում էր»,- ընդգծեց արաբագետը:

Ինչ վերաբերում է  Հայաստանի և Անդրկովկասի հարցին, Փույա Հոսսեյնին նշեց, որ արցախյան երկրորդ պատերազմից հետո տարածաշրջանում հակամարտության երկրորդ օջախն է  բացվել: «Անդրկովկասը երկրորդ հակամարտության օջախն է, ինչն ակտիվացավ արցախյան պատերազմով: Սառեցված է, բայց գնում են հիբրիդային պատերազմներ: Տեսնում ենք, որ Ադրբեջանի, Թուրքիայի կողմից դեռ սպառնալիքներ կան: Ադրբեջանն ամեն օր սպառնում է, Արցախից հետո Սյունիքի վերաբերյալ է ինչ-որ հայտարարություններ անում: Այն, ինչ կատարվում  է Մերձավոր Արևելքում, ուղիղ կապ կարող է ունենալ Անդրկովկասում հակամարտության հետ: Ամեն կրակ կարող է մեծ հրդեհ բացել տարածաշրջանում: Դրա համար Հայաստանը պետք է գործընկերների հետ  հարաբերություններն ամրացնի:  Իրանը և Ռուսաստանը Սյունիքի վերաբերյալ իրենց կողմնորոշումները ասել են, բայց Հայաստանը պետք է ավելի հստակեցնի անվտանգության հարցը Իրանի, Ռուսաստանի հետ»,- ասաց «Հայաստան-Իրան ռազմավարական համագործակցության զարգացման կենտրոն» հիմնադրամի հիմնադիր տնօրենը:

Փույա Հոսսեյնին անդրադարձավ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի՝ ապրիլի 12-ին ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին և դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Բահման Սադեղինին ընդունելու փաստին, ինչպես նաև ՀՀ դեսպանի՝ Իրանի Պաշտպանության նախարարի հետ հանդիպմանը՝ ընդգծելով, որ սա նշանակում է, որ Իրանը ցանկանում է  պաշտպանական և անվտանգության հարցով կոնկրետ պայմանավորվածություններ ունենալ Հայաստանի հետ, ու պետք է արտահայտվի վերջնական պայմանագրի ձևով, որ եթե Սյունիքի վրա հարձակում լինի, Իրանը կարողանա գործողություններ ձեռնարկել, որովհետև Սյունիքը, Իրան-Հայաստան սահմանն Իրանի համար շատ կարևոր է, դա կարմիր գիծ է, ինչպես նաև՝ պատուհան դեպի Եվրոպա:

Բանախոսները հույս հայտնեցին, որ իրավիճակն առաջիկայում կհանգուցալուծվի, ինչը հնարավորություն կտա զերծ մնալ նոր արյունահեղություններից:

Տեսանյութեր

Լրահոս