«Երանի այս իշխանությունները ասֆալտ փռած չլինեին, երանի մեր զինվորներն էլ ելակ կերած չլինեին, բայց թող մարտի դաշտում հաց ու ջուր ունենային». 44-օրյա պատերազմում զոհվածի հայր Բորիկ Կոյտիկով

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Եվրոպական համալսարանի շրջանավարտ Գևորգ Ավդիխանյանի հայրն է՝ Բորիկ Կոյտիկովը:

Գևորգը նոյեմբերի 7-ին Շուշիում դաժան մարտերի ընթացքում գլխի հատվածում մահացու վիրավորում է ստանում: Օրեր անց նա մահանում է երևանյան հիվանդանոցներից մեկում:

«Ըմբոստ, բայց պարկեշտ, ազնիվ, ընկերասեր, խելացի, հարգալից, հայրենասեր»,- այսպիսին են Եվրոպական համալսարանում հիշում Գևորգին: Նա մտադիր էր իր ուսումը շարունակել Հունաստանում: Գևորգի հայրը՝ Բորիկ Կոյտիկովը, ազգությամբ հույն է, սակայն նրա երկու որդիներն էլ զինվորական ծառայություն են անցել Հայաստանում և երբեք չեն մտածել հայրենիքը լքելու մասին:

Բորիկ Կոյտիկովը վստահ է՝ եբր դաժան այս պատերազմի ընթացքից կան հարցեր, ու դրանց պատասխաններն իշխանությունները չեն տալիս, ուրեմն կա դավադրություն:

«Ինչքան պիտի մեր ժողովրդի աչքերը փակ լինեն, որ այսքան բան տեսնելուց հետո էլ Փաշինյանի հետևից գնան,- անդրադառնալով առաջիկա ընտրություններին և Նիկոլ Փաշինյանի՝ ամեն կերպ և ամեն գնով իշխանության մնալու նպատակադրմանը, ասում է նա և ավելացնում,- Ես շատ եմ զարմանում զոհվածների ծնողների վրա, որ Փաշինյանին ընդունում են…»:

«Գևորգիս ջոկատը 1 ու կես օր շրջապատման մեջ է եղել, 35 հոգուց 3-ն են ողջ մնացել»,- պատմում է նա:

«Իսկ ո՞վ է մեղավորն այս ամենի, եթե ոչ՝ Փաշինյանը»,- ասում է նա և անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի հայտարարություններին, թե՝ այսքան գործ ենք արել, այսքան ճանապարհներ ենք ասֆալտապատել, ասում է.

«Երանի այս իշխանությունները ասֆալտ փռած չլինեին, երանի մեր զինվորներն էլ ելակ կերած չլինեին, բայց թող մարտի դաշտում հաց ու ջուր ունենային»:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս