Արցախը հանձնած և Սյունիքի դարպասները թշնամու առջև բացած իշխանություններն ընդունում են՝ թշնամին առանց որևէ կրակոցի կարողացել է 3 կմ խորությամբ ներթափանցել ՀՀ սուվերեն տարածք․ Գոհար Մելոյան

Սահմանադրագետ Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով Սյունիքի մարզի ուղղությամբ այսօր ադրբեջանական կողմի ձեռնարկած քայլերին ու ՀՀ իշխող ուժի և ԱԱԾ-ի արձագանքին։

«Ադրբեջանի զինված ուժերը կարողացել են ներթափանցել ՀՀ պետական սահմանից ներս և այժմ ընթանում են բանակցություններ թշնամու զինված ուժերին GPS-ով գծված սահմանագիծ վերադառնալու մասին (այսպես կոչված սահմանագծման գործընթացի հակաիրավականությանն ու անհեթեթությանը բազմիցս անդրադարձել ենք)։

Միաժամանակ, իշխանության ներկայացուցիչները հպարտորեն գլուխ են գովում, որ ԴԵՌ որևէ վիրավոր չկա։

Փառք Աստծո, որ վիրավոր չունենք։

ՍԱԿԱՅՆ Արցախը հանձնած և Սյունիքի դարպասները թշնամու առջև բացած իշխանությունները ընդունում են, որ թշնամին առանց որևէ կրակոցի կարողացել է 3 կմ խորությամբ ներթափանցել Ադրբեջանական GPS-ով գծված ՀՀ սուվերեն տարածք։

Այսինքն, պատերազմի ավարտից ավելի քան վեց ամիս անց ՀՀ իշխող ուժի հանցավոր թողտվության պայմաններում ունենք այնպիսի սահմանագիծ, որ առանց որևէ կրակոցի Ադրբեջանի զինված ուժերը կարողանում են 3 կմ խորությամբ ներթափանցել և դիրքավորվել Հայաստանի Հանրապետության տարածքում։

Այս պայմաններում Սյունիքի անվտանգ լինելու վերաբերյալ երեսպաշտ պնդումներն ու հայտարարությունները բացահայտ հանցագործություն են, իսկ հայրենի ԱԱԾ-ն ավելի լավ է զբաղվի այս հանցավոր անգործությունը թույլ տված պաշտոնատար անձանցով, այլ ոչ թե, կենցաղային մակարդակի իջնելով, հոխորտա հասարակական գործիչների քննադատությունների վրա»։

Տեսանյութեր

Լրահոս