«Դրա ձևը պետք է արտացոլի 8 թիվը, քանի որ մենք նոյեմբերի 8-ին ենք Շուշան ազատագրել զավթիչներից». Ալիևը Շուշիում մասնակցել է նոր մզկիթի հիմնարկեքին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Արցախի Շուշի քաղաքում նոր մզկիթ է կառուցվելու, փոխանցում է haqqin.az-ը:
«Այսօր մենք մասնակցել ենք Շուշայում (Շուշի) նոր մզկիթի հիմնարկեքին: Շուշայում կկառուցվի նոր մզկիթ: Դրա կառուցման մասին ես որոշում եմ կայացրել շատ վաղուց: Շուշա քաղաքի՝ զավթիչներից ազատագրումից հետո ես սկսել եմ մտածել այս մզկիթի ճարտարապետության մասին»,- ասել է Ալիևը:
Նա հավելել է՝ կառուցվելիք մզկիթը կունենա 8 թվի տեսքը, քանի որ հենց այդ օրն է արցախյան Շուշի քաղաքն անցել ադրբեջանցիների վերահսկողության տակ:
«Մզկիթը և դրա ճարտարապետությունը պետք է լինեն խորհրդանշական: Ուստի մզկիթի ձևը պետք է արտացոլի 8 թիվը: Քանի որ նոյեմբերի 8-ին մենք ազատագրել ենք Շուշան զավթիչներից և նոյեմբերի 8-ն Ադրբեջանում արդեն պաշտոնապես Հաղթանակի օր է: Մզկիթի երկու մինարեթները պետք է արտացոլեն 11 թիվը: Տասնմեկերորդ ամսվա ընթացքում Շուշան և Ղարաբաղը լիովին ազատագրվել են օկուպացիայից: Այս գաղափարների հիման վրա ճարտարապետները ձեռնամուխ են եղել աշխատանքների, և այստեղ ներկայացված է մզկիթի արտաքին տեսքը: Սա նախնական տարբերակն է, որի վրա դեռ պետք է աշխատել, և այն ենթակա է փոփոխման»,- շեշտել է Ալիևը: