
Պաշտպանը հորդորում է Հայաստանի սահմանների վիճակի հետ կապված չտարածել խուճապ առաջացնող ինֆորմացիա, իսկ պետությանը՝ ապահովել ժամանակին և ամբողջական տեղեկությունների տարածումը

Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո է վաղ առավոտից Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում սահմանների հետ կապված իրավիճակը:
Պաշտպանը հատուկ արձանագրում է, որ սահմանների հետ կապված հարցերը հասկանալիորեն ունեն հանրային մեծ հետաքրքրություն և զգայունություն, իսկ հանրությունն էլ ունի իրավիճակի մասին ժամանակին ամբողջական, հստակ ու հավաստի տեղեկություններ ստանալու իրավունք։
Ուստի, իրավասու մարմինները պետք է ներդնեն բոլոր ջանքերը տեղեկատվական դաշտում պաշտոնական ինֆորմացիան հնարավորինս լայն տարածելու ուղղությամբ՝ դրանով իսկ բացառելով ապատեղեկատվության տարածումը:
Նշվածի հետ միասին, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արձանագրել է նաև ՀՀ սահմանների հետ կապված խուճապ և լարվածություն առաջացնող ապատեղեկատվություն: Պաշտպանը հորդորում է լրատվամիջոցներին ու սոցիալական ցանցերի օգտատերերին ձեռնպահ մնալ նման տեղեկությունների տարածումից:
Ինչպես Պաշտպանն անձամբ, այնպես էլ աշխատակազմը կապի մեջ են համայնքային ու պետական իրավասու մարմինների հետ, և Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության սահմաններում նույնպես ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր: