
«Այսքան տարվա կարոտից հետո լեգենդար Ջդրդուզում կրկին կհնչի ադրբեջանական մուղամ». Ալիևները մեկնել են Շուշի

Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան իր ինստագրամյան պաշտոնական միկրոբլոգում տեսանյութ է հրապարակել Լեռնային Ղարաբաղ կատարած ուղևորությունից:
Հրապարակման մեջ, մասնավորապես, ասվում է.
«Ես շատ հպարտ եմ հայտարարել, որ այսօր նշանակալի օր է: Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք հռչակված մեր հին հայրենի քաղաքում՝ «Շուշայում» (չակերտները՝ խմբ.) վերականգնվում է «Խարիբուլբուլ» երաժշտական փառատոնը: Այսքան տարվա կարոտից հետո լեգենդար Ջդրդուզի (Կատարոտ Դաշտավայր) վրա կրկին կհնչի ադրբեջանական մուղամ: Մեծ հաճույքով եմ ձեզ հետ կիսվում մեր՝ Ղարաբաղ կատարած ուղևորության կադրերով»:
Նշենք՝ թեմայի առնչությամբ հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Նա իր ինստագրամյան պաշտոնական միկրոբլոգում տեղեկացրել է, որ մեկնում է Շուշի մասնակցելու «Խարիբուլբուլ» փառատոնին և ճանապարհին կանգ է առել՝ թեյ խմելու համար:
«Ճանապարհին կանգ ենք առել Ադրբեջանի ամենագեղեցիկ հատվածներից մեկի՝ Խոջավենդի (Մարտակերտ) շրջանի մոտ: Եվ ահա բնության ֆոնին մենք թեյ ենք խմում, ճիշտ այնպես, ինչպես թեյ ենք խմել Ջդրդուզի մոտ: Սրանից հետո ադրբեջանցի ժողովուրդը հավերժ կապրի ադրբեջանական այս հինավուրց հողում: Կեցցե՛, ադրբեջանցի ժողովուրդը»,-ասել է Ալիևը: