«Այ ձեր ցավը տանեմ, ասում եմ՝ նման բան չկա. ամբողջ գյուղի նախիրը դաշտերում է, զանգել եմ հովիվներին, նման բան չկա». Իշխանասարի համայնքապետ
Իշխանասար համայնքի ղեկավար Մարատ Պետրոսյանի խոսքով՝ շրջանառվող լուրերը, թե թշնամին Իշխանասարի ուղղությամբ առաջ է եկել՝ իրականությանը չի համապատասխանում։
«Ես ասում եմ, որևէ բան չկա, Իշխանասար սարը միայն Իշխանասար գյուղինը չէ, այն Գորիսից գալիս, գնում հասնում է մինչև Ծղուկ սարը։ Այնտեղ որևէ բան չկա, մեր ամբողջ գյուղի նախիրը դաշտերում է, զանգել եմ, տեղեկացրել հովիվներին, նման բան չկա, կրակոց չկա, ամեն ինչ խախանդ է։ Թշնամին Իշխանասարի ուղղությամբ առաջ չի եկել, իրավունք չունի առաջ գալու։ 1991 թվականից այն գիծը, որտեղ մենք կանգնած ենք եղել, մինչև այսօր նստած ենք և թշնամին իրավունք չունի անցնելու»,- նշեց Մարատ Պետրոսյանը։
Հարցին՝ Արցախի 44-օրյա պատերազմից հետո Իշխանասարի ուղղությամբ դիրքերի փոփոխություն չի՞ եղել, Մարատ Պետրոսյանը պատասխանեց. «Իհարկե ոչ, չի եղել։ Ես հարյուր տոկոսով համոզված ասում եմ ձեզ։ Մարդիկ շատ բան են խոսում, բայց ես իմ ասածն ասեցի, չկա նման բան»։
Ինչ վերաբերում է Պաշտպանության նախարարության հայտարարությանը, որ բանակցություններ են ընթանում ստեղծված իրավիճակը հարթելու ուղղությամբ, Իշխանասարի համայնքապետը նկատեց. «Այ ձեր ցավը տանեմ, ասում եմ՝ նման բան չկա, ես եմ հեն ա մեջը, ես եմ տեսնում ու զգում, սա իմ գյուղն է, իմ ժողովուրդը, չկա նման բան»։
Նշենք, որ այսօր տելեգրամյան ալիքները և տեղական լրատվական որոշ կայքեր գրել էին, որ Սյունիքում լարված իրավիճակ է, թշնամին անցել է Իշխանասարը և տեղակայվել Վերիշենի ուղղությամբ։ Այդ մասին լուրերը հաստատեցին նաև Գորիսի փոխքաղաքապետրրը, Վերիշենի համայնքապետը։ Այնուհետև լուրը հաստատեց նաև Պաշտպանության նախարարությունը՝ նշելով. «Մայիսի 12-ի վաղ առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում։
Հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։
Այս պահին ընթանում են բանակցություններ՝ ստեղծված իրավիճակը հարթելու ուղղությամբ։ Մամուլում տարածվող տեղեկությունները «Իշխանասարի ուղղությամբ ընթացող մարտերի մասին» չեն համապատասխանում իրականությանը»։