Մահացել է դերասան Նորման Լլոյդը
106 տարեկան հասակում վախճանվել է ամերիկացի դերասան, պրոդյուսեր եւ ռեժիսոր Նորման Լլոյդը: Նրա որդին՝ Մայքլ Լլոյդը, պատմել է, որ դերասանը մահացել է մայիսի 11-ին Լոս Անջելեսի իր տանը: Այդ մասին հաղորդել է Associated Press գործակալությունը։
Արտիստը ծնվել է 1914 թվականի նոյեմբերի 8-ին Նյու Ջերսիի նահանգի Ջերսի Սիթիում եւ սկսել է խաղալ դեռահաս տարիքից: Դերասանը ճանաչում է ստացել, խաղալով Ֆրայի դերը 1942 թվականին նկարահանված Հիչքոքի ֆիլմում, նա նաեւ հայտնվել է Չառլի Չապլինի «Բեմի կրակները» գեղարվեստական ֆիլմում, սակայն դերասանն իսկական փառք է ձեռք բերել արդեն 60 տարեկանից հետո, երբ մարմնավորել է խելացի բժշկին NBC հեռուստաալիքի՝ 1980-ական թվականների «Սենտ-Էլսվեր» բժշկական դրամայում:
Լլոյդը համագործակցել է Չառլի Չապլինի, Ժան Ռենուարի եւ Ալֆրեդ Հիչքոքի հետ: Սակայն դերասանի համար ամենանշանավորը դարձել է չարագործի դերը Հիչքոքի «Դիվերսանտ» ֆիլմում: Իր կարիերայի ընթացքում Նորման Լլոյդը նկարահանվել է ավելի քան 60 կինոնկարներում: Լլոյդի կարիերան շարունակվել է ավելի քան 80 տարի: oldest.org կայքի վարկածով՝ Լլոյդը դարձել է գործող ամենածեր դերասանն աշխարհում: 2014 թվականից Լոս Անջելեսում նոյեմբերի 8-ը նշվում է որպես «Նորման Լլոյդի օր», հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: