«Պատերազմի ժամանակ Հայկ Մարությանն ասում էր՝ տղերք ջան, ձեր ցավը տանեմ, Հայկ Մարության, բա խի՞ ես էսօր սենց անում էս տղերքին, պրծա՞վ պատերազմը…». երթուղայինի վարորդ
Այսօր վաղ առավոտից Ջրվեժի ավտոպարկում մայրաքաղաքի երթուղայինների տասնյակ վարորդներ բողոքի ակցիա էին իրականացնում ու դժգոհում ոչ միայն Երևանի քաղաքապետարանի կողմից դիզվառելիք չտրամադրելուց, այլև շատ այլ խնդիրներից, որը նախորդ քաղաքապետերի ժամանակ չկային և ինչպես իրենք ասացին՝ «հալած յուղի նման է եղել»:
«Առավոտ ժամը 5-ին գալիս ենք, որ մտնենք երթուղի աշխատենք, բայց վառելիք չկա… Օղորմի Տարոն Մարգարյանի հորը, ոչ էլ վախենում եմ, ճիշտն ասում եմ, ամեն ինչ էլ ունեցել ենք մեր գարաժում, դաժը տուալետն էլ է էն վախտ եղել՝ 9-րդ մասիվում, հիմա ոչ մի բան չկա, գարշոկդ վեկալած ման ես գալիս, վախենում ես՝ շենքերից շշով խփեն գլխիդ, սպանեն, այ էդ վիճական է: Էս ի՞նչ է, փոխանակ առաջ գնանք, հետ ենք գնում»,- դժգոհեց վարորդներից մեկը:
Տղամարդու խոսքով՝ քաղաքապետարանի և անձամբ քաղաքապետի աշխատանքից իրենք դժգոհ են.
«Ինչի՞ց գոհ լինենք, ինչի՞ց: Ես իրիկունը գործից հետո գամ՝ կանգնեմ, ժամերով հերթ կանգնեմ, վառելիք չկա, չէկ վերցրա, վազի էս կալոնկա, վազի էն կալոնկա, առավոտ արի: Գնում ես աշխատանքի, պե՞տք է իրիկունը հասույթը մուծես, բա որ ռեյսս չանեմ, որտեղի՞ց մուծեմ: Նախկինում հալած յուղը կա՞, հալած յուղի պես գնում էր, ամեն մեկս մեր գործը գիտեինք, ամեն մեկս մեր անելիքը գիտեինք, աշխատում էինք, էլի, գնալով ասինք՝ առաջ կեթանք, բայց հետ ենք գնում: Ինչ փչանում է՝ գոյություն չունի, իսկ էն ժամանակ «չկա» բառը չի եղել»:
Վարորդը նաև դժգոհեց իրենց հանդեպ իշխանությունների վերաբերմունքից.
«Պատերազմի ժամանակ էս սաղ տղերքը գիշեր-ցերեկ աշխատել են, ծառայել են մեր Հայաստանի Հանրապետությանը, մենք սրան արժանի չենք, էսի բան չի, որ մեր գլխին են դնում: Ամբողջ պատերազմի մինչև վերջին օրը.․․ Էս ամիս մենակ չեմ գնացել Կապան… Գիշեր-ցերեկ ինչ ասել են՝ արել ենք, քաղաքապետն ինչ ասել է, ոնց ասել է… Մի АК-ն վրեն տղերքը Քարվաճառից եկել, հասել են Զոդ, ժողովրդին հանել են, ինչ ասել են՝ արել ենք, բա լավ, մենք էլ մարդ ենք, վառելիքն ի՞նչ է, ամոթ չի՞…»:
Երթուղայինների վարորդները նաև տեղեկացրին, որ նրանցից մեկը 3 ամիս հոսպիտալում է ծառայել, որից հետո առողջական խնդիրներ է ունեցել և 3 ամիս հիվանդանոցում պառկած է եղել, բայց քաղաքապետարանի կողմից ոչ մի աջակցություն չի ստացել.
«Հարցրեք՝ 10 դրամ օգնություն տվի՞ն, քաղաքապետը օգնություն տվե՞ց: Էս մարդն 3 ամիս ծառայել է, հիվանդացավ, բայց 10 դրամով չօգնեցին: Մի օր չի եղել, որ ատկազ անի, ասի՝ ավտոբուսս փչացած է, էս ա, էն ա: Աէրոպորտի աշխատողները սոցփաթեթ կունենա, ավտոբուսի պարկի աշխատողը խի՞ չունենա սոցփաթեթ: Մեր ձեռը ավտոմատ չի եղել, մեր ձեռն ավտոբուսի ռույլն ա եղել: Չի՛ եղել մի անգամ, որ ասեմ ԱԹՍ-ը գալիս ա, բայրաքթարը գալիս ա, վայ, վախենում եմ, չեմ գնում, ես էլ իմ ընկերներն էլ, սաղ իրար հետ՝ էն, որ ինչ կարողացել, արել ենք, բայց ոնց որ անտեր շուն լինենք, այ մարդ: Էդ սոցփաթեթը տենց մեծ բա՞ն ա, խի՞, ինչա շոֆեռ ենք, մենք մարդ չե՞նք… Պատերազմի ժամանակ Հայկ Մարությանն ասում էր՝ տղերք ջան, ձեր ցավը տանեմ, բա Հայկ Մարության ջան, խի՞ ես էսօր սենց անում էս տղերքին, պրծա՞վ պատերազմը…»:
2 ժամից ավելի տևած բողոքի ակցիայի հետո ավտոպարկ ժամանեցին «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Էլբակ Թարփոշյանը և Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության ներկայացուցիչները, սակայն հրաժարվեցին որևէ մեկնաբանություն տալ խնդրի վերաբերյալ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր վաղ առավոտից Ջրվեժի ավտոպարկում ավտոբուսների և երթուղայինների վարորդները բողոքի ակցիա են իրականացնում: Նրանց խոսքով՝ արդեն երկրորդ օրն է, ինչ իրենց վառելիք չեն տրամադրում և որ երեկ իրենց միջոցներով են մի կերպ երթուղի դուրս եկել: