Բաժիններ՝

«250 ավտոբուս աշխատանքի դուրս չի եկել, ժողովուրդը կանգառներում կանգնած չգիտեն՝ ոնց գնան աշխատանքի». երթուղայինների վարորդները բողոքում են քաղաքապետարանի աշխատանքից

Այսօր վաղ առավոտից Ջրվեժի ավտոպարկում ավտոբուսների և երթուղայինների վարորդները բողոքի ակցիա են իրականացնում: Նրանց խոսքով՝ արդեն երկրորդ օրն է, ինչ իրենց վառելիք չեն տրամադրում և որ երեկ իրենց միջոցներով են մի կերպ երթուղի դուրս եկել:

Վարորդները հայտնեցին, որ ամեն օր՝ աշխատանքից հետո գալիս են ավտոպարկ, որպեսզի լիցքավորեն մեքենաները՝ հաջորդ օրը երթուղի դուրս գալու համար, սակայն, թե՛ երեկ, թե՛ դրա նախորդ օրը եկել են ու պատասխան են ստացել, որ վառելիք չկա:

«Վառելիք պետք է հատկացնեն մեր ավտոպարկին, բայց չեն հատկացնում, չկա վառելիք: Վառելիք ապահովողը Երևանի քաղաքապետարանն է, որը պայմանագիր ունի կնքած ինչ-որ ընկերության հետ, ու այդ ընկերությունն էլ այդ վառելիքը չի հատկացնում: Երեկ մի կերպ մենք մեր ուժերով դուրս եկանք՝ աշխատեցինք, այսինքն՝ հիմնարկն իր ուժերով, էսօր էլ հնարավորություն չկա»,- ասաց վարորդներից մեկը:

Մեկ ուրիշն էլ գործընկերոջը խոսքը լրացնելով՝ ասաց.

«Օրը մի ծիծաղելի պատճառ են բռնում, ասում են՝ էս բանը սենց պրոբլեմ է, չկա, շինծու բաներ են էլի»:

Երթուղայինների վարորդների խոսքով՝ Երևան քաղաքի տրանսպորտների հիմնական մասը պատկանում է տվյալ ավտոպարկին և այսօր մայրաքաղաքի կանգառները սպասող ուղևորներով լիքը կլինեն, քանի որ հարյուրավոր ավտոբուսներ և միկրոավտոբուսներ երթուղի դուրս չեն եկել.

«Քաղաքի տրանսպորտի համարյա 80%-ն այս պարկին է պատկանում և՛ էդ նոր բերած գազելները և՛ մեծ մանուշակագույն ավտոբուսները սաղ էս պարկին են պատկանում ու ոչ մի մեքենա դուրս չի եկել»:

Վարորդները տեղեկացրին, որ մոտավորապես 25 երթուղի այս պահին չի սպասարկվում.

«Այսօր մոտ 250 ավտոբուս աշխատանքի դուրս չի եկել, Երևան քաղաքում դա ահռելի թիվ է, հիմա ժողովուրդը կանգառներում կանգնած չգիտեն՝ ոնց գնան աշխատանքի, մենք էլ վառելիք չունենք, որ դուրս գանք…»:

Հարցին՝ ի՞նչ եք պատրաստվում անել, վարորդներից մեկը պատասխանեց.

«Թող ղեկավարները մտածեն, պետությունը մտածի, քաղաքապետարանը մտածի, էդքան ժողովուրդ մնացել են դուրսը, սաղին մենք ենք սպասարկում… Ազգի մասին ո՞վ է մտածում, մոտ 250 մեքենա կանգնած է հիմա, լավ, մենք տուժվենք՝ ոչինչ, բա էն բանվոր դասակարգը, որ գնում է գործի, էն մարդիկ, որ ուսանող են, նրանք ինչպե՞ս տեղ հասնեն, տաքսինե՞րն են ուզում աշխատացնել, թող աշխատացնեն: Հենա «Յանդեքսը» դարձել է 1000 դրամ, որ տրանսպորտ չկա, բանվոր մարդը, որ գնում գործի՝ գալիս է, 60.000-70.000 դրամ ռոճիկ է ստանում, 100 դրամով գնում, 100 դրամով գալիս է, ո՞վ է ժողովրդի մասին մտածում, ոչ մեկ»:

Վարորդներից մեկն էլ դժգոհեց Երևանի քաղաքապետարանի աշխատանքից.

«Կոնկրետ իմ գիծը 7-րդ մասիվից գնում է ուղիղ քաղաքապետարան, եթե ինչ-որ մեկին հետաքրքիր լինի՝ կարա նայի, տենա, որ 20 համարի երթուղին արդեն վաղուց քաղաքապետարան չի եկել, կարան իրանց պատուհանի ժալյուզը քաշեն են կողմ ու նայեն, եթե, իհարկե, հետաքրքիր է ինչ-որ մեկին»:

Վարորդները նաև հայտնեցին, որ նույն խնդիրը Չարբախի ավտոպարկում է, այնտեղ ևս երթուղայինները գիծ դուրս չեն եկել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս