Չինաստանի բնակչությունը 2010 թվականից ի վեր ավելացել է 72 միլիոնով
Չինաստանի բնակչությունը հասել է 1 մլրդ 411 մլն 780 հազար մարդու՝ 2010 թվականից ի վեր ավելանալով 72 միլիոնով կամ 5,38 տոկոսով: Այդ մասին մայիսի 11-ին հաղորդել է Պետական վիճակագրական վարչությունը՝ ներկայացնելով բնակչության 7-րդ համաչինական մարդահամարի արդյունքները։
Միջին հաշվով երկրի բնակչության թվաքանակն այս ժամանակաշրջանում տարեկան աճել է 0,53 տոկոսով այն դեպքում, երբ 2000-ից մինչեւ 2010 թվականը միջին տարեկան աճը կազմել է 0,57 տոկոս: Մարդահամարի տվյալներով Չինաստանում հաշվում է 723 մլն 339 հազար 956 տղամարդ, այսինքն՝ ընդհանուր բնակչության 51,24 տոկոսը, կանանց թվաքանակը կազմում է 688 մլն 438 հազար 768 կամ ընդհանուր բնակչության 48,76 տոկոսը: Չինաստանի 16-ից մինչեւ 59 տարեկան աշխատունակ բնակչության թվաքանակը կազմում է 880 միլիոն, լրագրողներին հայտնել է Չինաստանի Պետական վիճակագրական վարչության ղեկավար Նին Ցզիչժեն՝ ամփոփելով 7-րդ համաչինական մարդահամարի արդյունքները:
Պաշտոնյայի խոսքով՝ դա նշանակում է, որ Չինաստանում «աշխատանքային ռեսուրսներն առաջվա պես առատ են»: Մարդահամարի տվյալներով՝ Չինաստանի բնակչության միջին տարիքը ներկայում կազմում է 38,8: Երկրի մայրցամաքային մասի 0-ից մինչեւ 14 տարեկան բնակիչների թվաքանակը կազմում է 253,38 միլիոն, 15-ից մինչեւ 59 տարեկաններինը՝ 894,37 միլիոն, 60-ից բարձր տարիք ունեցողներինը՝ 264 միլիոն: Բնակչության թվաքանակով Չինաստանն առաջին տեղն է պահպանում աշխարհի բոլոր երկրների թվում: Նրանից աննշան չափով հետ է մնում Հնդկաստանը (ավելի քան 1,389 միլիարդ մարդ): Երրորդ հորիզոնականում ԱՄՆ-ն է (ավելի քան 331 միլիոն մարդ), հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: