ՀՀ նախագահը և Մոսկվայի պետհամալսարանի ռեկտորը կարևորել են կրթագիտական համագործակցության ներուժի արդյունավետ օգտագործումը
Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարան, հանդիպել ռեկտոր Վիկտոր Սադովնիչիի հետ:
Նշելով, որ Մոսկվայի պետական համալսարանն իր համար հարազատ կրթօջախ է, նախագահ Սարգսյանն ասել է, որ ուրախ է կրկին գտնվել մի վայրում, որի հետ բազմաթիվ աշխատանքային շփումներ է ունեցել տարիներ առաջ՝ որպես ուսանող, գիտնական և դասախոս:
Զրուցակիցներն անդրադարձել են կրթության և գիտության ոլորտներում հայ-ռուսական համագործակցությանը՝ կարևորելով դրա շարունակական զարգացումը ու խորացումը:
Նրանք շեշտել են, որ ժամանակակից աշխարհում գիտության սրընթաց առաջընթացին համաքայլ շարժվելու համար ուժերի համադրումը դարձել է հրամայական: Այս առումով կարևոր են Հայաստանի և Ռուսաստանի համագործակցության հարուստ ավանդույթների պահպանումն ու առկա ներուժի առավել արդյունավետ օգտագործումը:
Հայաստանի նախագահը և Մոսկվայի պետական համալսարանի ռեկտորը նախնական պայմանավորվածություն են ձեռք բերել ՄՊՀ զարգացման հիմնադրամի ու համալսարանական մի շարք գիտական կենտրոնների և Հայաստանում տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված՝ ATOM նախագահական նախաձեռնության միջև համագործակցության վերաբերյալ: Մասնավորապես, հեռանկարային է գնահատվել համատեղ նախագծերի իրագործումն արհեստական բանականության, նորագույն տեխնոլոգիաների ու մի շարք այլ ոլորտներում: