«Ախր, Արցախ ես կորցրել, հազարավոր զոհեր ունես, «Եռաբլուրը» սարքել ես անծայրածիր, մեկ էլ, թե՝ Սևանի ջուրը բարձրանում է». Գեղամ Մանուկյան

«Երեկ ուսապարկերի խորհրդարանի ինքնալուծարումը, գոյության դադարումը «Հայրենիքի փրկության շարժման» պայքարի արդյունքներից մեկն էր: Եթե չլիներ «Հայրենիքի փրկության շարժումը», քաղաքացիները դուրս չգային փողոց, որևէ մեղքի զգացում չունեցող այդ ուսապարկերը կշարունակեին պաշտոնավարել՝ իրենց կուռք Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը:

Նրա խոսքով՝ կիրակի օրը տեղի ունեցած «Հայաստան» դաշինքի հանրահավաքն ակնառու էր նրանով, որ այնտեղ հավաքված էին երկրի մասին մտահոգ, երկիրը սիրող քաղաքացիներ. «Հայրենիքի կորստից ողբերգություն ապրող մարդիկ էին այնտեղ հավաքված, որը շատ կարևոր է: Չէր գործել վարչական լծակ, չէր գործել փող, մարդիկ իրենց կամքով եկել էին»:

Անդրադառնալով «Հայաստան» դաշինքի նախընտրական խոստումներից մեկին՝ «արժանապատիվ խաղաղությանը», նա պարզաբանեց, թե դա ինչ է ենթադրում.

«Դա ենթադրում է, որ թշնամին, հակառակորդը, աշխարհի ցանկացած մայրաքաղաքում նստած քաղաքական ղեկավարությունը հարգանքով վերաբերվի քեզ, և դու քո երկրի ժողովրդի անվտանգությունը կարողանաս ապահովել. Ապահովել բռունցքի ուժով, բայց նաև ապահովել խաղաղության միջոցով: Իշխանությունն արդեն իսկ փորձում է կեղծ թեզեր հրապարակ նետել, թե՝ վայ, եթե գա «Հայաստան» դաշինքը իշխանության, չի բացառվում, որ պատերազմ լինի: Ես միշտ զուգահեռ եմ տանում հետևյալի հետ՝ 1998թ. իշխանափոխությունից հետո Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, թե իշխանության եկավ պատերազմի կուսակցությունը, բայց այդ իշխանությունը, որը նա «պատերազմի կուսակցություն» էր կոչում, և՛ Ռոբերտ Քոչարյանի նախագահության, և՛ Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին պատերազմ չի եղել:

Մարտաշունչ տերմինաբանությամբ խոսող իշխանության 20 տարիներին պատերազմ չի եղել: Ես չեմ խոսում դիվերսիոն ներթափանցումների փորձերի, կարճ ռազմական գործողությունների և ապրիլյան պատերազմի մասին. երկարատև, մաշեցնող և կործանարար պատերազմ, ինչպես 2020թ. եղավ, չի՛ եղել: 2018թ. իշխանության եկավ «խաղաղության» փաշինյանական ուժը, որը հրապարակ նետեց լրիվ նոր թեզեր, և 3 տարվա մեջ եղավ կործանարար այս պատերազմը: Դա ցուցիչներից մեկն է, որը նաև ցույց է տալիս, թե արժանապատիվ, ուժեղ կառավարումն ինչպես պետք է լինի»:

Գեղամ Մանուկյանն ընդգծեց. «Այս իշխանությունը ցինիզմի տիեզերական սահմաններ է գծում. մեկ տարի շարունակ համավարակի շրջանում հազարավոր զոհեր ունենալուց հետո, պատերազմում հազարավոր զոհեր, 10 հազարից ավել վիրավորներ ունենալուց հետո, Արցախի 75 տոկոսը կորցնելուց հետո այս իշխանությունն ունի այնքան ցինիզմ, որ խոսում է, թե կարող է ապագա կերտել: Նա անցյալն է կործանել անգամ, ուր մնաց՝ ապագան ինչ-որ ձևով կառուցելու: Սահման չի ճանաչում այս իշխանության պահվածքը»:

Հարցին՝ լսե՞լ է Նիկոլ Փաշինյանի ելույթն ԱԺ-ում, նա պատասխանեց. «Ես վաղուց Նիկոլ Փաշինյանին չեմ լսում՝ ընտանիքիս առողջությունը ի նկատի ունենալով, դիցուք՝ կինս ուղղակի չի կարողանում լսել, բայց թեզերին ծանոթ եմ: Մարդ պետք է ողբերգություն ապրեր: Ախր, քո ապաշնորհ կառավարման արդյունքում Արցախ ես կորցրել, հազարավոր զոհեր ունես, «Եռաբլուրը» սարքել ես անծայրածիր, մեկ էլ աննախադեպ թիվ ես հրապարակում՝ Սևանի ջուրը բարձրանում է: Այսինքն՝ ինչ է կորցրել, և փորձում ես կշեռքի նժարին ինչ դնել, ախր, համեմատելի չեն: Երեկ խորհրդարանում ցինիզմի նոր հրավառություն էր, որի մեջ տեղավորվեց նաև, թե իշխանությունները դերակատարություն են ունեցել Բայդենի հայտարարության մեջ: Իսկ այս իշխանությունների թրքահաճոյությունն ամեն քայլափոխի է՝ իրենց քաղաքականությամբ, վարքով, կոմունիկացիաներ բացելու կեղծ սխեմաներ գծելով»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս