«Ովքեր ուզում են «օղլիների» հետ հարևան լինել, մի վայրկյան թող մտնեն այն ընտանիքները, որտեղ զոհված երեխաներ կան». Դավիթ Սահակյանց
Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ռեժիսոր, մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը լրագրողի հարցին ի պատասխան՝ նկարագրեց, թե իր կարծիքով՝ մուլտֆիլմի ի՞նչ կերպար կարող էր լինել Նիկոլ Փաշինյանը:
«Առնետի ինչ-որ մի տեսակ է, անընդհատ աչքերը վազող, տարածության մեջ չկողմնորոշվող, ամեն ինչ փախցնել ցանկացող, այսպիսի պերսոնաժ է նա ինձ համար, առնետի ամենանողկալի տարբերակը»,- պատկերավոր պատասխան տվեց Սահակյանցը:
Անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ AzTV պետական հեռուստաալիքին տված հարցազրույցում արած հայտարարությանը, թե «40 կիլոմետրանոց Զանգեզուրի միջանցքը, որը մեզ բաժանում է Նախիջևանից, կբացվի»՝ Սահակյանցն ասաց, որ սա հավանական սցենար է, եթե վերընտրվի գործող իշխանական թիմը:
«Կբացվի, եթե նրանք մնան իշխանության, եթե վերարտադրվեն Նիկոլենք, կարող է մենք ունենանք նման ապագա, ես համոզված եմ, կասկած չկա դրանում: Այսօր առավոտյան տարբեր տելեգրամյան ալիքներով տեսա, որ անդրադառնում են Երևանում կայացած «Հայաստան» դաշինքի ցույցին, և բացահայտ խոսում էին այն մասին, թե «Նիկոլն ի՞նչ մեղք ունի, որ Հայաստանն այս վիճակում է», հռետորիկան «Իմ քայլի», Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի համընկնում է»:
Սահակյանցի կարծիքով՝ կան մարդիկ, որոնք դեռ հավատում են Նիկոլ Փաշինյանին, քանի որ դեռ չեն հասել այն գիտակցմանը, որ իրենք սխալվել են նրան ընտրելով: Ռեժիսորը շեշտեց նաև՝ Նիկոլ Փաշինյանը շարունակում է դիմել մանիպուլյացիաների:
«Հետաքրքիր է՝ ո՞ւր կորավ Նիկոլ Փաշինյանի այն մեղավոր, դողացող ձայնը, պատերազմից հետո հիշո՞ւմ եք՝ ինչպես էր նա խոսում, որ տպավորություն ստեղծվի, թե ափսոսում է այն ամենի համար, ինչ որ եղավ, ցավ է ապրում, հիմա կամաց-կամաց, երբ հասկանում է, որ պետք է սկսվի պայքար, պետք է այլ կերպ խոսի: Նա խաղում է ցանկացած էմոցիաների վրա»,- ասաց ռեժիսորը:
Դավիթ Սահակյանցի խոսքով՝ մենք խորքային խնդիրներ ունենք և պետք է ինքնամաքրման ճանապարհ անցնենք:
«Այն մարդիկ, ովքեր դեռ ուզում են «օղլիների» հետ հարևան լինել, մի վայրկյան թող մտնեն իրենց հարևանի տուն, այն ընտանիքները, որտեղ զոհված երեխաներ կան, իրենք թուրքական բայրաքթարից են վառվել, թուրքական էքսպանսիայի զոհ են, թուրքը չի փոխվել, կեղծ թուրքասիրության զոհ մենք մի անգամ դարձել ենք 100 տարի առաջ: Եթե դուք պատրաստ եք ձեր հայրենիքը վաճառել 200 գրամ ձեթի կամ էժան լոլիկի համար, վաղը չզարմանաք, որ այդ նույն լոլիկը կարող է այնպես սրսկված լինել, որ մաքրվի բնակչությունն այս ռեգիոնում, որովհետև իրենց պետք է տարածք՝ առանց հայերի»:
Ռեժիսորի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ միջազգային հանրությունը հարգանք չունի, դա տարածվում է նաև մեր ազգի և պետության վրա:
«Մենք ազգովի մտնում ենք պատմության մեջ՝ որպես ամենաանողնաշար, ամենաանթասիբ ազգ, դա այդպես է գրվելու, դրա ապացույցը միջազգային ամբիոնների, միջազգային տարբեր ստրուկտուրաների վերաբերմունքն է մեր երկրի նկատմամբ, միակ երկիրը, որի հետ մենք ստիպված ենք շփվել, դա Ռուսաստանն է, որի վերաբերմունքի մասին մեր վարչապետի նկատմամբ տարբեր-տարբեր աղբյուրներից գիտենք, բացի այդ, ստիպված շփումից, Նիկոլ Փաշինյանի հետ չի շփվում ոչ ոք: Երբ պատերազմի օրերին հարցնում էինք ՝ ո՞ւր է միջազգային հանրությունը, ինչո՞ւ չի արձագանքում, դա էլ ձեզ պատասխան, չի արձագանքել, որովհետև Նիկոլ Փաշինյանն է եղել ձեր լիդերը, այդ մարդը հարգանք չի ունեցել»,- ասաց Սահակյանցը:
Ռեժիսոր-մուլտիպլիկատորը վստահեցրեց, որ այս արհամարհական վերաբերմունքը մեր պետության նկատմամբ շարունակվելու է, եթե Նիկոլ Փաշինյանի իշխանությունը վերարտադրվի:
«Չի կարելի ձայն տալ Նիկոլ Փաշինյանի թուրքական կուսակցությանը, կամ հարակից սատելիտների՝ այդ կուսակցություններին, մի նպատակ ունի Նիկոլ Փաշինյանը՝ պահել իր իշխանությունը, և այն օրը, երբ նա վերարտադրվելու հնարավորություն ունեցավ, վերջնականապես քայքայելու է այս հասարակությունը»,- ասաց Սահակյանցը: