«Սա ուղղված է բացառապես Հայաստանի Հանրապետության դեմ». Կարեն Հովհաննիսյանը՝ Նախիջևանի ռազմական օդանավակայանի բացման մասին

Ադրբեջանի նախագահը մայիսի 10-ին մասնակցել է Նախիջևանում նոր ռազմական օդանավակայանի թռիչքուղու բացմանը։

168.am-ի հետ զրույցում ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանն անդրադառնալով Նախիիջևանում ռազմական օդանավակայանի բացմանը, դրա նպատակներին ու հնարավոր վտանգներին, նշեց, որ օդանավակայանի բացումը վաղուցվա ծրագիր չէ, և այն կառուցելու մտահղացումը եղել է հենց պատերազմի օրերին։

«Ադրբեջանը և առհասարակ Թուրքիան ցանկանում են, որպեսզի Նախիջևանում ունենան այնպիսի ներկայացվածություն, որով իրականում տարածաշրջանում կբերեն որոշակի փոփոխություն։ Իրականում այդ օդանավակայանը կարծես թե հակազդում է Երևանի «Էրեբունի» օդանավակայանին։ Թուրքիայում ու Ադրբեջանում անթաքույց նման տրամադրություններով են տոգորված, նրանք կարծում են, որ, եթե Նախիջևանում վտանգ լինի, ապա այն լինելու է «Էրեբունի» օդանավակայանից, հետևաբար՝ իրենց անհրաժեշտ է որևէ հակակշիռ հենց Նախիջևանում»,- նշեց ռազմական փորձագետը։

Ըստ Կարեն Հովհաննիսյանի, հատկապես Արցախի պատերազմի նման ելքից հետո, նման օդանավակայանի բացումը խոսում է այն մասին, որ Թուրքիան ու Ադրբեջանն ամենևին էլ մտադիր չեն կանգնեցնելու իրենց նվաճողական տրամադրությունները և նպատակ ունեն տարածաշրջանում հաստատել ռազմական գերակայություն, որը փորձում են հաստատել ռազմական ներկայացվածությամբ։

«Պետք չէ, որպեսզի մենք կենտրոնանանք միայն Նախիջևանի ռազմական օդանավակայանի վրա, այլ նաև Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացված տարածքներում մեկը մյուսի հետևից բացվող զորամասերի վրա։ Այս ամենը խոսում է նրանց նպատակների մասին։ Միայն հարավային ուղղությամբ արդեն բացվել է մոտավորապես 15 զորամաս, ընդ որում, սահմանային հատվածում։ Այնպես որ, Ադրբեջանը գնում է ռազմականացման ճանապարհով, և նա տարածաշրջանում ոչ թե խաղաղության ջատագով է, այլ հակառակը՝ փորձում է հարցերը լուծել բացառապես ռազմական ճանապարհով»,- հավելեց մեր զրուցակիցը։

Միաժամանակ նա ընդգծեց, որ Նախիջևանի օդանավակայանի բացումն ունի հեռահար նպատակներ և կապված է միայն Հայաստանի հետ, քանի որ ռազմական օդանավակայանի բացումը ո՞ւմ է հարկավոր, ամեն դեպքում, ոչ Իրանին կամ այլ երկրի, այլ Ադրբեջանին, մասնավորապես, եթե այն բացվում է Հայաստանի հետ անմիջական սահմանին։

«Սա ուղղված է բացառապես Հայաստանի Հանրապաետության դեմ»,- շեշտեց նա։

Ռազմական փորձագետը նաև հիշեցրեց, երբ Նախիջևանում բացվեց ռազմական մեծ հոսպիտալը, դրան անմիջապես հետևեց Արցախի 44-օրյա պատերազմը։

«Այդ մասին ինքս բազմաթիվ անգամ բարձրաձայնել եմ, որ ստեղծում են շատ մեծ ռազմական հոսպիտալ, եթե չեմ սխալվում, դրա բացումը տեղի ունեցավ սեպտեմբերի կեսերին։ Թող որևէ մեկին չթվա, թե Ադրբեջանը գնում է խաղաղության ճանապարհով, և առհասարակ Ադրբեջանում բոլորովին այլ տրամադրություններ են, այլ նպատակներ են դրված Բաքվի բռնապետի առջև և այդ նպատակները փորձում է կյանքի կոչել բացառապես ռազմական ճանապարհով։ Նա բազմիցս ասել է, որ Հայաստանի հետ այլևս բանակցային սեղանի շուրջ չեն նստելու, և եթե կան հարցեր, ապա դրանք լուծվելու են ռազմական ճանապարհով»,- եզրափակեց Կարեն Հովհաննիսյանը։

Տեսանյութեր

Լրահոս