Բաժիններ՝

Երուսաղեմում մզկիթի տնօրենը օգնություն է խնդրել իսլամական աշխարհից

Երուսաղեմի ալ-Աքսա մզկիթի տնօրեն Օմար ալ-Քեսվանին աջակցության համար իսլամական աշխարհին է դիմել պաղեստինցիների եւ իսրայելական ոստիկանության բախումների կապակցությամբ: Այդ մասին հաղորդել է Պաղեստինի պետական հեռուստատեսությունը։

«Իսլամական աշխարհին հորդորում ենք օգնել ալ-Աքսա մզկիթին՝ հրեա նորաբնակների եւ իսրայելցի ոստիկանների կողմից մզկիթի վրա գրոհելուց հետո»,-հեռուստաալիքը մեջբերում է ալ-Քեսվանիի հայտարարությունը:

Պաղեստինի կրոնի գործերի նախարարության աղբյուրը մամուլին հաղորդել է, որ Իսրայելի ոստիկանությունն առգրավել Է ալ-Աքսա մզկիթի բոլոր բանալիները:

Մայիսի 10-ի առավոտյան Երուսաղեմում Տաճարաց լեռան վրա ալ-Աքսա մզկիթի մերձակայքում իսրայելական ոստիկանության հետ բախումների ժամանակ վերքեր են ստացել 215 պաղեստինցիներ, ներառյալ Կարմիր Մահիկի աշխատակիցներ, չորս տուժածներ գտնվում են ծանր վիճակում, հաղորդել է Երուսաղեմում Կարմիր Մահիկի ներկայացուցչությունը: Իսրայելական ոստիկանությունը հաղորդում է կարգի պահապանների ինը վիրավորների մասին:

Արեւելյան Երուսաղեմում բախումները շարունակվում են արդեն մի քանի օր: Երուսաղեմում, Կարմիր Մահիկի տվյալներով, լույս մայիսի 10-ի գիշերը իսլայելական ոստիկանության հետ պաղեստինցիների բախումների ժամանակ տուժել է 80 մարդ, ընդամենը վերջին օրերին վերքեր են ստացել շուրջ 300 պաղեստինցիներ:

Մայիսի 10-ի առավոտյան անկարգությունները վերսկսվել են: Wafa գործակալությունն ավելի վաղ հաղորդել է, որ իսլայելական ոստիկանությունը խոշոր ուժեր Է կենտրոնացրել մզկիթի շրջանում, դիպուկահարներ է տեղաբաշխել դրա գավիթներում, ինչպես նաեւ արտասվաբեր գազ է օգտագործել պաղեստինցիներին մզկիթի տարածքից հետ մղելու համար:

Մզկիթի տնօրեն Օմար ալ-Քեսվանիի խոսքով՝ «ոստիկանությունը աննախադեպ բարբարոսական հարձակում է կատարել» մզկիթի վրա: Մայիսի 10-ին Իսրայելում նշվում է Երուսաղեմի օրը, որը սահմանվել է Վեցօրյա պատերազմից հետո քաղաքի արեւելյան մասը Իսրայելի վերահսկողության տակ անցնելու պատվին: Այդ օրը Իսրայելի մայրաքաղաքում անցկացվում է դրոշներով ավանդական երթ եւ այլ միջոցառումներ: Մայիսի 10-ին բախումներից խուսափելու իրադրության գնահատումից հետո ոստիկանությունը փակել է հրեաների մուտքի հնարավորությունը Տաճարաց լեռ: Հին քաղաքի շրջան են տեղափոխվել Իսրայելի ոստիկանության եւ սահմանապահ ոստիկանության հազարավոր մարտիկներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս