«Դուք իշխանահաճո պաշտոնավոր եք». ԵՊՀ գիտխորհրդի անդամը՝ Վահրամ Դումանյանին
Այսօր ԵՊՀ-ում ԿԳՄՍՆ ԺՊ Վահրամ Դումանյանի և ԵՊՀ գիտխորհրդի անդամների միջև հանդիպման ընթացքում Դումանյանի գնահատականները ԵՊՀ-ի անցած տարիների գործունեության վերաբերյալ վիրավորեցին ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյանին:
«Ես վիրավորված եմ, կարծում եմ՝ Դուք էլ պետք է վիրավորված լինեք Ձեր տված գնահատականից՝ համալսարանի անցած գործունեության վերաբերյալ: «Այստեղ եղել է խաբեություն, ոչ մի ինքնավարություն, այստեղ մարդիկ ընտրություններ են կատարել կեղծիքով, և ոչ մեկը չի կարողացել ձայն բարձրացնել այդ մասին»: Շնորհակալություն այդ գնահատականի համար: Ես խիստ վիրավորված եմ: Ձեզ էլ եք Դուք վիրավորում, որովհետև Դուք եղել եք այդ խորհրդի անդամ և ձեռք եք բարձրացրել որոշումը հաստատելու համար»,- ասաց Մարատ Գրիգորյանը:
Ապա գիտխորհրդի անդամը Դումանյանից հետաքրքրվեց, թե չի՞ կարծում արդյոք, որ ԵՊՀ-ում այսօրվա ճգնաժամն օրվա իշխանության գործունեության արդյունք է:
«Պարոն Դումանյան, Դուք չե՞ք կարծում, որ համալսարանում ճգնաժամ ստեղծվեց այն օրվանից, երբ նոր իշխանությունը եկավ, սկսեցին ամեն ճանապարհով վարկաբեկել համալսարանը, համալսարանի ղեկավարությանը, և չընտրեցին, չկատարեցին ռեկտորի ընտրություններ, կազմակերպեցին ժամանակավոր ընտրություն՝ ռեկտորի պաշտոնակատարի, և մարդը երկու տարի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում է, դրանով նաև այդ անձին դնելով հոգեպես ծանր վիճակի մեջ: Հաճելի չէ ժամանակավոր պաշտոնակատար լինել և չընտրվել: Այսինքն՝ այդ ճգնաժամը իշխանությունները ստեղծեցին՝ համալսարանը վարկաբեկելով, իրենց կողմից կառավարելու համար: Ամբողջ խնդիրը դրանում է: Եվ Դուք, լինելով նախարար, նշանակվելով նախարար, ես կարծում էի, որ կշտկեք, կուղղեք այդ բացթողումները և կանցկացնեք ռեկտորի ընտրություններ՝ գործող հոգաբարձուների խորհրդի կազմով, և կընտրվեր ռեկտորը, որը հանգիստ կարող էր կատարել իր պարտականությունները, և համալսարանն այս ճգնաժամային վիճակին չէր հասնի»,- ասաց Գրիգորյանը:
ԿԳՄՍՆ ԺՊ Վահրամ Դումանյանը նախ ասաց, թե իր կարծիքով՝ Գրիգորյանը լավ չէր ընկալել համալսարանի նախկին տարիների գործունեության մասին իր ասածները, թե ինքն ընդամենը փոխանցել է «օդից կախված լուրերը»:
Ապա զարմացավ, որ գիտխորհրդի անդամը ռեկտորի նշանակումը կապում է նախարարի հետ: «Կանոնադրությունը նայե՞լ եք»,- հարցրեց Դումանյանը, միևնույն ժամանակ ընդունեց, որ համալսարանը ռեկտոր չունենալուց տուժել է:
Ապա կառավարության ներկայացուցիչը հորդորեց իր վարքածում որևէ կուսակցական, քաղաքական կամ իշխանահաճո դիրքորոշման նշույլ չփնտրել, որ ինքը բաց խոսում է:
«Դուք իշխանահաճո պաշտոնավոր եք, ցանկացած իշխանության…»,- Դումանյանին արձագանքեց Մարատ Գրիգորյանը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում