Դատական օրենսգրքի փոփոխությունների սահմանադրականության հարցը ՍԴ-ում կքննվի մայիսի 25-ին

Հանրապետության նախագահի դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանը քննության է ընդունել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի և «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

2020թ. մայիսի 25-ին նախատեսված նիստում գործով զեկուցող է նշանակվել ՍԴ դատավոր Երվանդ Խունդկարյանը: ՍԴ-ն  որոշում է կայացրել գործի դատաքննությունն անցկացնել գրավոր ընթացակարգով:

Ապրիլին բարձր դատարան դիմելու մասին հայտարարության մեջ նախագահ Արմեն Սարգսյանը նշել էր, թե օրենքով առաջարկվող կարգավորումներն իրավիճակային են և առերևույթ խնդրահարույց իրավական որոշակիության, համաչափության, իշխանությունների տարանջատման, ինչպես նաև դատական իշխանության անկախության սահմանադրական սկզբունքներին և պահանջներին համապատասխանելու տեսանկյունից:

Հիշեցնենք, որ առաջարկվող փոփոխություններով, օրինակ, Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար ՀՀ արդարադատության նախարարից և դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովից բացի, ԲԴԽ-ին դիմելու հնարավորություն է տրվում նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց՝ իրենց մասնակցությամբ կոնկրետ գործերով, ԲԴԽ-ին նաև հնարավորություն է տրվում մի դատավորի վարույթում գտնվող գործը վերցնել, փոխանցել մեկ այլ դատավորի:

Տեսանյութեր

Լրահոս