Մեր հուսահատության պահերին թվում է՝ այլևս անզոր ենք որոշումներ կայացնելու
Մեր հուսահատության պահերին թվում է՝ այլևս անզոր ենք որոշումներ կայացնելու: Թվում է, թե ինչ որոշոմ էլ որ կայացնենք, միևնույն է, սխալվելու ենք ու ձախողելու:
Հենց այս պահերին է, որ լիարժեք ապավինում ենք Աստծուն՝ գիտենալով, որ Նա է ամենաիմաստունը և հենց Նրանից է, որ պիտի մեզ տրվի մեր գիտելիքն ու իմաստությունը: Այո՛, Տիրոջից է նաև մեր փորձը, քանի որ Նրա թույլտվությամբ ու կամքով է, որ ճաշակում ենք զանազան փորձություններ՝ դասեր քաղելով, հետևություններ անելով:
Ժողովրդական խոսքը հաստատում է, թե «Հույսը վերջինն է մեռնում»: Այո, իրականում և այդպես է, սակայն Աստծո նկատմաբ հույսը երբեք չի մեռնում: Աստվածաշունչը մեզ պատգամում է. «Ամբողջ սրտով հույսդ դի՛ր Աստծու վրա և մի՛ հպարտացիր քո իմաստությամբ» (Առակ. 3:5):
Մեր անզորությունը բավարար իմաստության պակասից է: Քանի որ Տերը մեզանից հազարապատիկ ավելին գիտի, պիտի կարողանանք ունենալ վստահությունը Նրա նկատմամբ: Պիտի վստահենք Տիրոջը, ինչպես մանուկ հասակում վստահում էինք մեր ծնողներին, և նրանց զգուշացումներից հետո այլևս այս կամ այն արարքը չէինք գործում:
Աստծո նկատմամբ մեր վստահությունը ապացուցում է մեր հավատը: Մեր գիտելիքները, իմաստությունն ու փորձը թեև, այո՛, մեր ջանքերով են ստեղծված, սակայն տրված են Աստծուց, Նրա օրհնությամբ ու թույտվությամբ: Ուստի՝ շարունակ իմաստություն խնդրենք Տիրոջից, քանի որ Նա է, որ ամեն պարագայում մեզ մատնանշում է ճիշտ ուղին: Իսկ ստանալով իմաստությունը՝ չհպարտանանք դրանով, այլ ծառայեցնենք այն՝ ի շահ մեր մերձավորների: Գուցե այդպես կարողանանք հայտնել մեր շնորհակալությունը Աստծո շնորհների համար. շնորհակալությամբ ու գովաբանությամբ է, որ ստանալու ենք ավելին, և ոչ թե անդադար խնդրանքներով ու դժգոհությամբ:
Գտնենք ճիշտ ուղին՝ առաջնորդվելով աստվածային լույսով: Լինե՛նք շնորհակալ մեզ բաժին հասած ամեն բարիքի համար և կիսենք Աստծուց տրված մեր շնորհներն ամենքի հետ: Իմացած լինենք, որ հենց դա է իմաստությունը: Չէ՞ որ մեր ունեցած շնորհներն են փաստում Աստծո բարեհաճությունը մեր նկատմամբ: