Սեյրան Օհանյանը՝ Շուշին և Հադրութը վերադարձնելու մասին

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը չի կարծում, որ գործող իշխանությունները կարող են վերարտադրվել:

Ազատության հրապարակում «Հայաստան» դաշինքի հանրահավաքից հետո լրագրողների հետ զրույցում Օհանյանը նշել է, որ քաղաքական այս ուժի շատ անդամների, ՀՀ երկրորդ նախագահի, բազմաթիվ մտավորականների, մարտական և ծառայակից ընկերների հետ միասին բազմաթիվ արժեքներ են ձեռք բերել՝ սկսած արցախյան շարժումից:

«Մենք ձեռք ենք բերել իշխանություն, ինքնիշխանություն, անկախություն, հայկական բանակ, Արցախի ազատություն, տնտեսության զարգացում և միասնականության ապահովում: 30 տարիների ընթացքում իշխանություններն ունեցել են նաև թերություններ: Այսօրվա իշխանությունները 2018-ին իշխանության գալուց հետո բոլոր արժեքները, կարելի է ասել, հավասարեցրին գետնին, ոչնչացրեցին: Գումարած դրան՝ այն բոլոր թերությունները, որոնք գոյություն ունեին, բազմապատկեցին: Ինչի պատճառով՝ անփորձ լինելու, նաև՝ անգրագետ ղեկավարման, մանրահոգի և մանրախնդիր լինելու  պատճառով: Որովհետև երկրի ղեկավարումը պետք է լինի միայն մեծահոգի, փորձառու և ճանապարհ անցած մարդկանց ձեռքերում: Այս դաշինքը փորձառու անձնավորությունների հետ միասին գալիս է նորից մեր հին արժեքները վերականգնելու, ավելացնելու և իրենց իսկ հին թերությունները նվազեցնելու, հավասարեցնելու զրոյի»,- ասաց Սեյրան Օհանյանը:

Հարցին՝ ինչպե՞ս է հնարավոր վերադարձնել Շուշին և Հադրութը, ՀՀ պաշտպանության նախկին նախարարը պատասխանեց, որ ցանկացած գործողություն իրականացնելու համար պետք է սթափ և ռեալ գնահատել ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը:

Ըստ Օհանյանի, որովհետև միայն այս, ինչպես նաև հակառակորդի և հարևանների կարողությունների, մեր հնարավորությունների գնահատման դեպքում, հավաքական կամքի բազմապատկման պարագայում՝ անվտանգության համակարգում, արտաքին միջազգային հարաբերություններով, հնարավոր է որոշել և՛ Արցախի, և՛ ՀՀ-ի, և՛ Շուշիի, Հադրութի ապագան:

Անդրադառնալով Սյունիքում անվտանգության գոտու չլինելուն և ռուս խաղաղապահներից Ադրբեջանի հրաժարվելուն, Սեյրան Օհանյանն ասաց, որ, եթե կան սահմաններ հարևան պետությունների հետ, այնտեղ անվտանգության գոտի չի լինում, լինում է սահմանապահ զորք, սահմանային ծառայություն իրականացնելու համապատասխան ատրիբուտներ և պատրաստի բանակ:

«Անվտանգության գոտին այսօր ապահովելու հնարավորությունը, մենք, կարծեմ կորցրել ենք, որովհետև սահմանազատումը մենք իրականացրել ենք առանց պետական և միջազգային առումով գոյություն ունեցող ընթացակարգերի: Այսինքն, չեն եղել պայմաններ, չի եղել ստորագրված համապատասխան խաղաղության պայմանագիր Ադրբեջանի հետ, բայց մեր զինված ուժերը մեր երկրի ղեկավարության կարգադրությամբ թողել են ռազմավարական կետերը, բարձունքները, ռազմավարական նշանակության ճանապարհները, որոնք այսօր գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ: Եվ սա՝ առանց հասկանալու, որ եթե հետագայում մենք գնանք իրական սահմանազատման և պետք լինի հակառակորդին ասել՝ դուք պետք է հետ քաշվեք, շատ դժվար է լինելու գալ այդ համաձայնության: Նշված խնդիրը մենք կատարել ենք առանց որևէ հիմքի, քարտեզի, սահմանների: Այսօր որևէ մեկը չի կարող ասել, թե ինչպիսի սահմանային իրավիճակ և ինչպիսի պետական ճանաչված քարտեզ գոյություն ունի ՀՀ-ի և Ադրբեջանի միջև»,- շեշտեց Օհանյանը՝ հավելելով, որ ամեն մի սանտիմետրի և սեփական տեսակետն առաջ տանելու համար տարիներով պիտի բանակցել, ինչն այսօրվա անփորձ իշխանությունը չի հասկանում:

Ինչ վերաբերում է Արցախի կարգավիճակի հարցին, Սեյրան Օհանյանը պատասխանեց. «Այդ հարցը լուծելու համար պետք է նորից գործի դնել այն ամբողջ մեխանիզմը, որը գոյություն է ունեցել՝ բանակցային առումով՝ ՄԽ-ի հետ, և հատկապես՝ ՌԴ-ի, նաև պետք է ամբողջությամբ վերականգնել անվտանգային համակարգը, որից հետո կարող ենք ասել, որ Արցախի հարցին մենք կարող ենք ընթացք տալ համապատասխան լուծման համար»:

Տեսանյութեր

Լրահոս