
Ստեփանակերտում կայացել է Մեծ Հայրենականի և Արցախյան պատերազմի հերոսներին նվիրված Անմահների գնդի երթ

Ստեփանակերտում Մայիսի 9-ի առթիվ կայացել է Հայրենական մեծ պատերազմի հայ հերոսների, անվանի զորավարների ու Արցախյան պատերազմում նահատակված զինվորների մեծադիր լուսանկարներով ավանդական «Անմահների գնդի երթ»: Երթը մեկնարկեց Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից:
Մասնակիցները քաղաքային հուշահամալիրում ծաղիկներ են խոնարհել Անմար կրակի մոտ և հարգանքի տուրք մատուցել Մեծ Հայրենականի ու Արցախյան պատերազմի զոհերի հիշատակին:
Ամենամյա «Անմահների գնդի երթ»-ի կազմակերպիչ «Արցախի երիտասարդության զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Սուսաննա Պետրոսյանի հաղորդմամբ՝ միջոցառումը կազմակերպվել է նաև Մարտակերտում և Մարտունիում:
«Մենք պիտի հիշենք, որ Հայրենական մեծ պատերազմին շատ հայեր են մասնակցել ու այդ հաղթանակը միասնական ուժերով է կերտվել: Պետք է հիշենք բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքն են զոհաբերել՝ հաղթանակի օրը մեզ պարգևելու համար: Միջոցառմանը մենք ավելացրել ենք նաև «Արցախյան պատերազմի հերոսներ» խորագիրը՝ մեր նահատակված զինվորների լուսանկարներով: Մյուս տարի նախատեսում ենք ավելացնել նաև 44-օրյա պատերազմի հերոսների լուսանկարներ»,- ասաց Պետրոսյանը:
Ստեփանակերտում «Անմահների գնդի երթ»-ին մասնակցում էր նաև Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը: