«Խոստանում ենք միայն այն, ինչ ի վիճակի ենք անել». Ռոբերտ Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» և «Վերածնվող Հայաստան» կուսակցությունների միջև այսօր ստորագրվեց հուշագիր՝ առաջիկա արտահերթ ընտրություններին «Հայաստան» դաշինքով  մասնակցելու վերաբերյալ։

Ռոբերտ Քոչարյանն իր ելույթում ներկայացրեց խորհրդարանական ընտրություններում հաղթելու դեպքում «Հայաստան» դաշինքի անելիքները՝ վերականգնել  տնտեսությունը, ստեղծել աշխատատեղեր՝ ամեն տարի, ու քաղաքը կրկին վերածել շինհրապարակի։

«Վերանալու են բիզնեսի նկատմամբ արհամարհանքը, այդ տհաճ ասֆալտին փռելու տեսարանները, ամեն ինչ արվելու է փոքր ու միջին բիզնեսի զարգացման համար։ Մենք ունենալու ենք նոր՝ գիտահեն տնտեսություն, զարգացած գյուղատնտեսություն։ Գերխնդիր է լինելու քաղաքացիների կյանքի որակի շեշտակի բարձրացումը։ Պետական ապարատի մաքրության և արդյունավետության համար պայքարը դառնալու է կոռուպցիայի դեմ պայքարի լավագույն գործիքը։  Պետական համակարգում սուտը բացառվելու է, մենք դարձել ենք ստի աշխարհ:  Պետք է ամեն ինչ սկսենք այդ սուտը վերացնելուց։ Այսպիսին է մեր առաջնահերթությունների,  ոչ ամբողջական, ցանկը և խոստանում ենք միայն այն, ինչ ի վիճակի ենք անել»,- նշեց Ռոբերտ Քոչարյանը։

ՀՀ երկրորդ նախագահն ընդգծեց, որ կառուցելու են երկիր, որով յուրաքանչյուր հայ կարողանալու է հպարտանալ, հասկանալով, որ որևէ մեկն իրենց  փոխարեն չի ապահովելու տնտեսական զարգացումն ու բարգավաճումը։

«Մեր ճակատագիրը մեր ձեռքերում պետք է լինի, և մենք ենք կառուցելու այն ամենը, որի մասին խոսեցի։ Մենք բերելու ենք արժանապատիվ խաղաղություն և բարգավաճում։ Վստահ եղեք, ամեն ինչ լավ է լինելու»,- եզրափակեց նա։

«Հայաստան» դաշինքի հուշագիրը ստորագրելուց հետո, միջոցառման ավարտից հետո արարողության մասնակիցները    երթով շարժվեցին դեպի Ազատության հրապարակ, որտեղ տեղի ունեցավ դաշինքի առաջին հանրահավաքը:

Տեսանյութեր

Լրահոս