«Անարդարացի ստուտուս-քվոն կարող է նոր պատերազմի պատճառ դառնալ. ԵԱՀԿ ՄԽ համանախագահողների միջնորդությամբ բանակցային գործընթացը պետք է վերսկսել». Վիկտոր Սողոմոնյան

«Հայաստան» դաշինքը խոստանում է խորհրդարանական մեծամասնության միջոցով  ձևավորել  այնպիսի  գործադիր իշխանություն, որը վեր կանգնելով նեղ քաղաքական նպատակներից՝ կծառայի ազգային պետական շահերին, կիրականացնի դրանց պաշտպանությանն ուղղված արտաքին քաղաքականություն, կերաշխավորի հուսալի անվտանգություն, կկասեցնի սոցիալ-տնտեսական անկումը, կապահովի զարգացման բարձր տեմպեր, կկանխի զանգվածային արտագաղթի նոր ալիքը՝ անհրաժեշտ հիմքեր ստեղծելով արժանապատիվ և երկարաժամկետ խաղաղության համար:

«Մենք կարևորում ենք երկրի զարգացման վերջին 30 տարիների պատմության հակասական փուլերի բաց և անկեղծ արձանագրումը, հաստատակամ ենք բացթողումներից խոսելու, անցյալից դասեր քաղելու, ապագայի նոր էջ բացելու հարցերում»,- «Հայաստան» դաշինքի հռչակագիրը ներկայացրեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:

Ըստ նրա՝ բոլոր իշխանությունների օրոք եղել են հաջողություններ և բացթողումներ, ձեռքբերումներ և սխալներ, բայց պետությունը շարունակել է իր ընթացքը՝ լինելով Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամուր խարիսխ:

Սողոմոնյանը հավելեց՝ 2018-ին երկրի ընթացքը խաթարվեց, և արմատական փոփոխությունների, արդար երկիր կառուցելու խոստմամբ իշխանության եկած քաղաքական ուժը դրսևորեց հանցավոր անպատասխանատվություն և պետական կառավարման համակարգը կազմալուծելու, օտարածին օրակարգեր սպասարկելու, հասարակական քաղաքական մթնոլորտը թունավորելու  հետևողական քայլերով ոչ միայն չկատարեց հանրությանը տված խոստումները, այլև երկիրը ներքաշեց պատերազմի մեջ՝ զոհելով հազարավոր երիտասարդների, կորցնելով Արցախի Հանրապետության մեծ մասը, թուլացնելով պետականության հիմքերը, վտանգելով  մեր ընդհանուր ապագան:

«Անարդարացի ստուտուս-քվոն կարող է նոր պատերազմի պատճառ դառնալ: Ուստի մենք կողմ ենք ԵԱՀԿ ՄԽ համանախագահողների միջնորդությամբ բանակցային գործընթացի վերսկսմանը՝ ուղղված Արցախի տարածքի վերականգնմանը ինքնորոշման իրավունքի հիման վրա, և Արցախ-ՀՀ երաշխավորված գործուն ցամաքային անվտանգ կապի ապահովմանը»,- «Հայաստան» դաշինքի հռչակագիրը ներկայացնելով՝ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարը:

Տեսանյութեր

Լրահոս