«Գործող իշխանությունը խոչընդոտ է. այդ խոչընդոտը վերացնելու ենք». Վահե Հակոբյան
«Մենք ապրում ենք հայ ժողովրդի համար շատ բարդ ժամանակներում․ Արցախյան վերջին պատերազմը չափազանց ծանր հետևանքներ է ունեցել հայկական երկու պետությունների՝ առաջին հերթին՝ Արցախի, բայց հավասարապես՝ նաև Հայաստանի համար։ Այս աղետը բերած իշխանությունը պատերազմի հասցրած վնասներին համարժեք սպառնալիք է այսօր։ Ավելին՝ այս իշանություններն այսօր վերարտադրվելու հայտ են ներկայացնում, այսինքն՝ մենք ապրում ենք ոչ միայն արդեն տեղի ունեցած, այլ նոր աղետների նորաշեմին»,- Ռոբերտ Քոչարյանի, ՀՅԴ և «Վերածնվող Հայաստան»-ի քաղաքական համագործակցության մեկնարկի միջոցառման ժամանակ նշեց «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը։
Նա հավելեց, որ Արցախին արդեն իսկ հասցրած վնասներին զուգահեռ՝ իշխանություններն իրական սպառնալիք են ստեղծել Հայաստանի ողնաշարը համարվող Սյունիքի համար, «իսկ Սյունիքը Հայաստանի այն մեկնակետն է, որով սկսվում, բայց չի ավարտվում Հայաստանի և Արցախի անվտանգությունը»։
Վահե Հակոբյանը վստահ է՝ Հայաստանն այսօր գնում է ոչ միայն սխալ, այլև կործանման տանող ճանապարհով, և հենց այս գիտակցումն է նրանց ստիպել հանդես գալ կուսակցություն ստեղծելու նախաձեռնությամբ․
«Անհատապես կայացած լինելով ամենատարբեր ասպարեզներում՝ մենք միևնույն ժամանակ արձանագրեցինք, որ առանձին-առանձին չենք կարող ազդել երկրի զարգացման ընթացքի վրա, և մեզ անհրաժեշտ է միավորում։ Այդ համոզմամբ՝ մենք հիմնեցինք «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը՝ նպատակ ունենալով մեր ներդրումն ունենալ Հայաստանի իրական վերածննդի և հզորացման կարևոր գործում։
Կուսակցության կորիզը Սյունիքի համայնքների ղեկավարներն են, մարդիկ, ովքեր մինչև պատերազմը, պատերազմի ընթացքում, պատերազմից հետո արել են և անում են ամեն ինչ՝ Սյունիքի և Արցախի անվտանգության համար։
Մենք Սյունյաց կուսակցություն ենք մեր ակունքներով, սակայն մեր գաղափարներով և ծրագրերով մենք համապետական քաղաքական ուժ ենք և հրապարակ ենք գալիս ոչ միայն Սյունիքի, այլ ողջ Հայաստանի վերածննդի և հզորացման նպատակով»։
«Հայաստանը պատած աղետի ծավալներն ու խորությունն այնպիսին են, որ որևէ ուժ ունակ չէ միայնակ դուրս բերելու երկիրն այս իրավիճակից․ մենք գիտակցում ենք, որ դրա համար անհրաժեշտ է իրական սիներգիա՝ քաղաքական առողջ ուժերի միավորում՝ ի շահ հայոց աշխարհի։ Այդ պատճառով մենք որոշեցինք հանդես գալ դաշինքով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Հայ Հեղափոխական Դաշնակցության հետ։
Դաշինքի ձևաչափով հնարավոր արտահերթ ընտրություններին մասնակցելու որոշումը մենք կայացրել ենք տևական քննարկումների և վերլուծությունների արդյունքում։ Մենք հավատում ենք մեր դաշինքի հավաքական մտքին, կամքին և վճռականությանը,- նշեց Վահե Հակոբյանը՝ հավելելով, որ դաշինքի ուժերին միավորում է երկիրը հզոր, ժամանակակից և բարեկեցիկ դարձնելու տեսլականը, որին խոչընդոտում է գործող իշխանությունը,- Եվ մենք այդ խոչընդոտը վերացնելու ենք։ Այս խնդիրը լուծելուց հետո մեզ սպասում է լայնածավալ աշխատանք՝ երկիրն այս անդունդից դուրս բերելու, զարգացման ռելսերի վրա դնելու և մարդկանց կյանքը բարելավելու համար։
Մենք վստահ ենք ու վճռական, քանի որ ունենք երկրի զարգացման իրական գաղափարներ, դրանց վրա հիմնված ծրագրեր և ամենակարևորը՝ դրանք իրականացնելու ունակ և պրոֆեսիոնալ թիմ»։
Մանրամասները՝ տեսանյութում