Բաժիններ՝

Մարդկանց ճաշակն այնքան է ընկել, որ կարծում են՝ թուրքական երաժշտությունը հայկական է․ թուրքերի ամենամեծ զենքը հենց դա է, մեր մշակույթի սևը տվել են․ Կոնստանտին Պետրոսյան

«Երաժշտական գրագիտությունը շատ կարևոր է։ Մասնագիտական գիտելիքների բացակայության դեպքում կարող ես կարճ տարածություն վազել»,- ասում է կոմպոզիտոր, դաշնակահար, դիրիժոր Կոնստանտին Պետրոսյանը։

Նրա համար հատուկ տեղ ունի նաև բառը, տեքստը, որը երգի միտքն է։ Իսկ հոգու և մտքի աններդաշնակության դեպքում ոչ մի երգ երկար կյանք ունենալ չի կարող։

Մեր զրուցակցին է պատկանում աշխարհում առաջին ու դեռևս միակ Կոնցերտը՝ ձայնի և ջազ-նվագախմբի համար, որը նվիրվել է Խորհրդային Միությունում ջազի լավագույն կատարող Տաթևիկ Հովհաննիսյանին։ Պրեմիերան տեղի է ունեցել 1986 թվականին Վիլնյուսում՝ Տաթևիկ Հովհաննիսյանի և Վիլնյուսի կոնսերվատորիայի բիգ-բենդի կատարմամբ՝ հայտնի ջազային երաժիշտ, դիրիժոր, տարբեր ժանրերի ստեղծագործությունների հեղինակ, սաքսոֆոնահար և կլարնետահար Վլադիմիր Չեկասինի ղեկավարությամբ:

– Ձեր հայրը՝ Հրանտ Պետրոսյանը, հայտնի ջազմեն և էստրադային նվագախմբի առաջին շեփորահարն է եղել։ Սերը դեպի երաժշտություն հայրի՞կն է առաջացրել, թե՞ այլ հանգամանքներ են նպաստել։

– Չէ, հենց այդպես էլ եղել է։ Ես երաժշտի ընտանիքում եմ մեծացել, իսկ երբ հաճախեցի երաժշտական դպրոց, սկսեցի է՛լ ավելի հետաքրքրվել երաժշտությամբ։

– Դուք նաև շատ եք սիրել նկարել, բայց կարծես դա չի ստացվել ի կատար ածել։ Գուցե մանկության երազանքը նաև նկարիչ դառնա՞լն էր։

– Այս տարիների ընթացքում, որքան կնոջս հետ հասցնում ենք շրջել աշխարհով մեկ, առաջին հերթին հաճախում ենք թանգարաններ, որպեսզի տեսնենք նկարիչների գործերը։ Շատ եմ սիրում նկարչություն, սակայն, ցավոք, ինձ մոտ նկարել չի ստացվում․ մեկ ինքնաթիռ եմ կարողացել նկարել, մեկ էլ, կարծեմ, շոգենավ։

– Հետևաբար՝ սիրում եք բոլոր նկարիչների՞ն։

– Այո։ Երբ գնում ես Ժորժ Պոմպիդու արվեստի և մշակույթի ազգային կենտրոն, ամբողջ պատով մեկ կապույտ գույնի ինչ-որ մի կտավ է, ու ոչինչ չկա, մյուս պատին էլ վարդագույն է, ու մարդիկ ժամերով նստած դրան են նայում։ Ասում ես՝ սա երևի հանճարեղ գործ է, բայց, կներեք, իմ միտքը դեռ չի հասել նրան, որ այդ հանճարեղ բանը հասկանամ։ Մալևիչի «Սև քառակուսին» էլ չեմ հասկանում։

Քանի դեռ նկարչությունից չենք հեռացել, մեկ հարց եթե փորձեիք Ձեր կյանքը նկարել, ավելի շատ ո՞ր գույները կգերիշխեին։

Հավանաբար կապույտ, վառ կարմիր, կանաչ։

– Այս գույների ընտրությունից կարելի՞ է ենթադրել, որ Ձեր կյանքում քիչ եք խոչընդոտների հանդիպել։

– Ոչ, լրիվ հակառակն է։ Որքան էլ խուսափել եմ, խոչընդոտները շատ են եղել։ Որոշ դեպքերում ինձնից անկախ՝ մարդիկ են խոչընդոտներ ստեղծել․ եղել են դեպքեր, երբ դժվարությամբ եմ հաղթահարել, եղել են դեպքեր, որ՝ հեշտությամբ։ Իսկ հիմա շատ խնդիրների այլ կերպ եմ նայում, ավելի թեթև, որովհետև, երբ տեսնում ես, որ դիմացինդ չունի մակարդակ, սակայն դիրքից, պաշտոնից ելնելով՝ սկսում է ինչ-որ բաներ անել, չես կարող նման մարդու հետ վիճել, պետք է ավելի հանդուրժող լինես։ Համաձայնել պետք չէ, պարզապես խոսակցությունը չպետք է շարունակել։ Չեմ հանդուրժում, երբ մարդիկ մեկը մյուսին թիկունքից հարվածում են։ Իմ կյանքում շատ է եղել այդպես։ 2-3 դեպքից բավականին տուժել եմ։ Ստեղծագործականի հետ դա այնքան էլ կապ չունի։ Երբ դու աշխատանքդ լավ ես կատարում, մեկ էլ տեսնում ես՝ ուրիշները ծանոթների միջոցով խցկվում են, վատություն են անում, քեզ ուզում են մի կողմ հրել ու այդ տեղը զբաղեցնել, ապա դա կեղտոտ գործ է։

– Տարօրինակն այն է, որ նմանները հետո չեն էլ զղջում, ավելին՝ մի բան էլ տուժողն է մեղավոր դուրս գալիս։

– Չէ, չեն էլ զղջացել։ Իրենց հաղթողի դերում են պատկերացնում, ավելին՝ երեսներն էլ պինդ է։ Լինում է, որ հանդիպում են հետո, ես ծանր չեմ տանում, ասում եմ՝ անցավ, գնաց, տեսնենք՝ հաջո՞րդն ինչ է լինելու։ Մինչև 1990-ական թվականներն եմ աշխատել Երևանում, դրանից հետո, քանի որ հրավերով եկա ԱՄՆ, այստեղ այլ է իմ դիրքը։ Եթե ուզեն վատություն անել, բոլորին ասել եմ՝ ես ազատ եմ, հայրենիք ունեմ, տուն ունեմ, գնում եմ։ Դրա համար այստեղ չեմ տեսնում այդ բաները։

– Ամեն դեպքում մարդկանց միջև տարբերություն կա։

– Մտածելակերպի տարբերությունը շատ մեծ է։ Տարիներ առաջ ԱՄՆ-ում ինձ մեկը բացատրում էր, որ այսինչ մարդը բարձր խավից է, ես զարմացած նայում էի, որովհետև տվյալ մարդը ոչինչ չէր արել իր կյանքում, բախտը բերել էր՝ ծնողները ժամանակին փող են ունեցել, պապերն էլ՝ տներ, ամբողջը մնացել էր, ինքն էլ ամուսնացել էր միլիոնատիրոջ աղջկա հետ, ու նման մարդիկ այստեղ համարվում են բարձր խավ։ Մեզ համար, օրինակ, բարձր խավը խելացի մարդն է, գիտնականն է, արվեստագետը, հարգանք վայելող մասնագետը։ Իսկ այստեղ բարձր մարդը նա է, ով դրամ ունի։

– Այստեղ էլ է այդպես։

Հիմա՝ միգուցե, բայց մինչև 1990 թվականը՝ ոչ։ Իսկ այստեղ մինչ օրս այդպես է։ Չնայած իմ հանդեպ ոչ մի վատ վերաբերմունք չեմ զգացել, միշտ հարգանքով են վերաբերվում, բայց իրենց մտածելակերպով՝ ինձ նման մարդը միջին խավ է, իսկ բարձր խավը փող ունեցողն է։ Այս երկրում, բացի նրացից, ովքեր կտակ են ստացել կամ հաջող ամուսնություն է, կան մարդիկ, ովքեր այստեղ նաև վաստակում են մասնագիտությունների շնորհիվ, սակայն դրամը չէ, որ մարդուն արժեք է տալիս։

– ԱՄՆ մեկնել եք, քանի որ այստեղ աշխատանք չունեի՞ք, թե՞ զուտ հրավեր է եղել։

– Երկու դեպքն էլ կա։ Մինչև 1990 թվականը ես Կոմպոզիտորների միության երաժշտական կենտրոնի ղեկավարն էի, հետո ինքնակամ դուրս եկա, որովհետև այդ ժամանակ շատ հարմար էր ավելի շատ երաժշտություն գրել, զբաղվել ստեղծագործական աշխատանքով, և դա այդ ժամանակ եկամտաբեր էր։ Սակայն, երբ ամեն ինչ փոխվեց, իմ վերջին աշխատանքը եղավ Հայաստանի «Խաղաղության ֆոնդում»։ Էդվարդ Միրզոյանը նախագահն էր, ես՝ տեղակալը․ դժվար տարիներ էին, բայց ուրախ եմ, որ կարողացա այնտեղ երկու բան անել․ 1992 թվականին կարողացա ԱՄՆ Արևելյան թեմի առաջնորդ Խաժակ Պարսամյանի օգնությամբ կազմակերպել դրամահավաք։ Հավաքվեց մոտ 10․000 դոլար, ու այդ գումարը բերվեց Երևան։

Դիմեցինք երաժշտական բոլոր կենտրոններին, ընտրեցինք մարդկանց, ովքեր դրամի կարիք ունեն։ Յուրաքանչյուրին 100-150 դոլար տվեցինք, ինչն այն ժամանակ մեծ գումար էր։ Մարդիկ այդ մութ ու ցուրտ տարիներին գոնե օգնություն ստացան։ Երկրորդն այն էր, որ Հարություն Խաչատրյանը, ով այդ ժամանակ ԱԳՆ-ում էր աշխատում, որը հետո «Ոսկե ծիրան» փառատոնը կազմակերպեց, ասաց, որ «Խաղաղության ֆոնդի» միջոցով ուզում է ֆիլմերի փառատոն կազմակերպել։

Դա ևս արեցինք։ 1-2 փառատոն կազմակերպեցինք Կինոյի տանը՝ 1992-93թթ․։ Քանի որ մոտ հարաբերություններ ունեի ֆրանսիացի կոմպոզիտոր, դաշնակահար, գործիքավորող, դիրիժոր և երգիչ Միշել Լեգրանի ընտանիքի հետ, նրա քույրն իմ գործերից մեկը կատարում էր, զանգահարեցի նրան և խնդրեցի աջակցել հայ արվեստագետներին, ու Միշել Լեգրանն այնտեղից գումար ուղարկեց, և դրանով խրախուսեցինք մարդկանց։ Հետո Հարությունը շարունակեց, ու ուրախ եմ, որ դարձավ «Ոսկե ծիրան» կինոփառատոն։

«Խաղաղության ֆոնդում» այդ ժամանակ աշխատում էի առանց դրամի։ Մի քանի անգամ հրավիրել էին ԱՄՆ, Բոստոնում երգչախումբ կար, խնդրում էին, որ իրենց երաժշտական գործիքավորումն անեմ, ու գումար էին տալիս, որով կարողանում էի ընտանիքս պահել։ Երբ եկավ 1993 թվականը, աշխատանք չկար, ու չգիտեի՝ ինչ անել։ Աշխատանքի համար դիմեցի մշակութային օջախներ, ասացի՝ ինչ կարող եմ անել, սակայն պատասխանեցին, որ դրա կարիքը չկա։ Կա՛մ իրոք դրա կարիքը չկար, կա՛մ իմ կարիքը չկար։ Այդ ժամանակ ԱՄՆ-ից մի վարդապետ, ով ինձ ճանաչում էր, ասաց, որ Փրովիդենսում եկեղեցի կա, որտեղ շատ հին երաժշտական ձեռագրեր կան, ու որպես հովիվ՝ խնդրում է, որպեսզի գնամ, երաժշտական կյանքն ակտիվացնեմ։ Գնացի պայմանագրով։ Մեկ տարին դարձավ 3 տարի, սա էլ՝ 5։ Դարձա երկքաղաքացի։ Հաճախ եմ գալիս Երևանի իմ տուն ու վերադառնում եմ այստեղ աշխատանքի։ Ինչքան կարողանում եմ, օգնում եմ ՀՀ կոմպոզիտորների միությանը, «Հայկական երաժշտական ասամբլեա»-ին, որոնց անդամներից եմ։

Միշտ աջակցել եմ բոլոր խմբերին, անհատներին, որոնք օրինական ճանապարհով, համերգների իրավունք ունենալով՝ եկել են ԱՄՆ։ Օրինակ՝ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը, Սայաթ-Նովայի երաժշտական դպրոցի ժողգործիքների անսամբլը, Տիկնիկային թատրոնի դերասանները, ինչպես նաև՝ շատ երգիչներ։

2009 թվականին, երբ վախճանվեց վարդապետ Օշական Մինասյանը, ինձ առաջարկեցին շարունակել հանրահայտ «Երևան» երգչախմբի և նվագախմբի ղեկավարությունը՝ Բոստոնում։ Սակայն պայմանավորված կորոնավիրուսի համաճարակով, այստեղ համերգային կյանքը 1,5 տարի է, ինչ կանգ է առել, համերգներ դեռևս չկան՝ ի տարբերություն Հայաստանի։

– Իսկ հեշտությա՞մբ են երգչախմբերը համալրվում հայ սաներով։

– Նրանք, ովքեր հայկական հոգի ունեն իրենց մեջ՝ սիրով գալիս և երգում են երգչախմբերում։ Այնպիսի բան չկա, որ մենք խնդրենք։ Ովքեր լավ ձայն ունեն՝ միշտ դիմում են։ 1995թ․ ստեղծել եմ առաջին մանկական երգչախումբը, որը երկու նպատակ ուներ՝ հայկական ժողովրդական և կոմպոզիտորների երգեր կատարել, ինչպես նաև սովորեցնել հոգևոր երաժշտություն։ Ու նմանատիպ երգչախմբեր ստեղծվեցին այլ նահանգներում, և հիմա եկեղեցիներին կից կան երգչախմբեր։

Այս ամենն ունի դրական ազդեցություն, քանի որ երեխաները հաճախում են ամերիկյան դպրոցներ ու ավելի շատ անգլերեն են սովորում, սակայն, երբ երգչախմբերում են երգում, ամեն երգում 40-50 հայկական բառ են օգտագործում։ Շատերը սովորում են նաև եկեղեցիներին կից հայկական դպրոցներում։ Ինձ մոտ կային երեխաներ, որոնց ընտանիքներում բացարձակ հայերեն չէին խոսում, բայց երեխաներին բերում էին, ու նրանք այնպես էին հայկական երգ երգում, որ մտքովդ չէր անցնի, որ ընտանիքում հայերեն չեն խոսում։ Բայց ասեմ, որ ավելի շատ գալիս են այն երեխաները, որոնց ծնողները Հայաստանից են եկել, Բաքվից են փախել, իսկ ամերիկահայերն ավելի քիչ են։

– Հաճախ եք լինում Հայաստանում, ունե՞ք սիրելի վայրեր, որտեղ առաջին հերթին գնում եք։

– Շատ եմ սիրում քայլել այն տեղով, որտեղ իմ մանկությունն է անցել։ Չնայած օրերս երազում տեսա, որ քայլում եմ առաջվա Մարքսի փողոցով, որը ձգվում էր մինչև Շահումյան հրապարակ ու Կիրովի այգուց դեպի աջ, որտեղ իմ ընկերն էր ապրում՝ Ակսել Բակունցը։ Մենք նույն դասարանում, նույն նստարանին ենք մեծացել։ Երկար տարիներ դասերից հետո այդ ճանապարհով ենք անցել։ Դա, ինչպես նաև Մաշտոցի պողոտան եմ շատ սիրում, Չարենցի փողոցը․․. Երկար տարիներ աշխատել եմ Արտաշատում, անպայման գնում եմ, կարոտս առնում եմ, ինչպես նաև Դիլիջան եմ գնում։ 1997-2005թթ․ չէի եղել Հայստանում, եկա, շատ փոփոխված տեսա, իսկ հիմա ամեն տարի գալիս ենք, արդեն սովորական է։ Հայաստանին որ չխանգարեն՝ առաջ կգնա։ Խելքով պետք է ապրենք, հասկանանք, որ ամեն մեկը, ով մեզ ժպտում է՝ բարեկամ չէ։

– ԱՄՆ Կոմպոզիտորների լիգայի անդամ եք, դա նույն մեր Կոմպոզիտորների միությո՞ւնն է։ Ի՞նչ նմանություն ու տարբերություն կա։

Գրեթե նույնն է, բայց իրենք մեծ մենեջմենթ ունեն, կարողանում են իրենց կոմպոզիտորների գործերը տարածել։ Հետո, այստեղ իրար շատ են օգնում, որպեսզի տարածվեն այդ գործերը։ Հայաստանի կոմպոզիտորների միությունն ունի այդ ձգտումը, սակայն դա իրականացնելու համար դրամ է պետք։ Այստեղ այդ դրամը կա, որովհետև կան հովանավորներ, որոնք գումար են տալիս։ Եթե տեսնեք՝ «Մետրոպոլիտեն» օպերային որքան դրամ են տալիս, կզարմանաք։ Դրա համար կարողանում են գործերը կատարել տալ։ Հայաստանի Կոմպոզիտորների միությունը մինչև 1990 թվականն ուներ դրամ, բայց դրանից հետո, հիշում եմ՝ կարծեմ Անկախության հենց առաջին տարում մշակույթին հատկացվող գումարի չափը բյուջեից մեկ տոկոս էր։ Դրա մեջ մտնում էր և՛ երաժշտությունը, և՛ կինոն, և՛ թատրոնը։ Ընդամենը մեկ տոկոս․․․ ու դրա համար ամբողջը քանդվեց, իսկ հիմա էլ ՀՀ Կոմպոզիտորների միությունը դրամի տեսակետից կախված է նախարարությունից։ Այստեղի և Հայաստանի հնարավորությունները կոմպոզիտորների համար շատ տարբեր են։

– Հայաստանում ռադիոհեռուստաեթերներից հնչող ցածրորակ երաժշտության համար մեղադրում են Կոմպոզիտորների միությանը։ Ըստ Ձեզ՝ լծակնե՞րն են քիչ, որ ազդել չի կարողանում։

– Կարծում եմ՝ կոմպոզիտորներին այդ հարցում մեղադրելը սխալ է։ Երաժշտությունը գրվում է, այն պետք է կատարվի, որպեսզի մարդիկ սիրեն։ Լավագույն դեպքում Կոմպոզիտորների միությունն ընկնում է նախարարության ոտքը, մի քանի կոպեկ է խնդրում, որպեսզի տարեկան գոնե մի փառատոնի համար գումար տան, որ կոմպոզիտորներն ու հասարակությունը մեկ անգամ նրանց գործերը լսեն։ Այսպես գործն առաջ կգնա՞։ Միևնույն ժամանակ շատ մեծ գումարներ կան հեռուստատեսությունում։ Առաջ կար երաժշտական խմբագրություն, ես չգիտեմ՝ հիմա կա՞, թե՞ ոչ։ Եթե կա, շատ կզարմանամ, քանի որ անորակ երաժշտություն, խայտառակ տեսահոլովակներ են մատուցում։ Չեն հասկանում, թե ինչ են գրում․ բոլորը կոմպոզիտոր ու երգիչ են դարձել։ Բառերը, շեշտադրությունը խայտառակություն է։

Մարդիկ հասել են նրան, որ Առնո Բաբաջանյանի հարմոնիաներն են փոխում։ Այսինքն, նա այնքան անուշադիր էր, որ սխալ բաներ է գրել, որ հիմա մեկն էլ փոխի՞։ Ո՞ր իրավունքով են հարմոնիան փոխում։ Կարող ես գործիքավորման ոճը, ռիթմը փոխել, բայց հարմոնիա՞ն, քանի՞ գլխանի ես։

Սիմֆոնիկ և կամերային գործերին ֆինանսական աջակցություն է պետք, որ շատ հնչեն, սակայն պետական աջակցությունը սահմանափակ է; Հասկանում եմ՝ պետությունը չի կարող շատ օգնել, բայց այն մարդիկ, ովքեր հովանավորներ են, շատ դրամ ունեն, նրանց ուղեղը վերջապես պետք է աշխատի։ Ոչ թե պետք է գնան, խնդրեն, ասեն՝ մեծահարուստ, մեզ փող տուր, այլ այդ մեծահարուստը պետք է խելք ունենա, գա Կոմպոզիտորների միություն, ասի, որ ուզում է մեր արվեստին օգտակար լինել ու այս տարվա համար այսքան գումար է նախատեսել, թող վերցնեն ու անեն լավագույնը։

Բայց հիմա ո՞վ է այդպիսի բան անում Հայաստանում։ Իսկ այստեղ անում են։ «Մետրոպոլիտենի» բուկլետը վերցնում, նայում ու ապշում ես։ Տասնյակ միլիոնների օգնություն։ Հայաստանում դրամ ունեցողը չի աջակցում, ինչ-որ մեկի համար տեսահոլովակ է նկարահանում, ու այդ անճաշակությունը հեռուստաընկերություններով, ռադիոկայաններով հնչում է։ Մարդկանց ճաշակն այնքան է ընկել, որ կարծում են՝ թուրքական երաժշտությունը հայկական է։ Թուրքերի ամենամեծ զենքը հենց դա է, մեր մշակույթի սևը տվել են։ Ռեստորանում երգեք, բայց այդտեղից դուրս մի հանեք։ Ամբողջ Մարզահամերգային համալիրը, մեծ դահլիճները չի կարելի տալ նման երգիչների։ Նրանք իրավունք չունեն ո՛չ Օպերայի, ո՛չ Հայաստանի պետական ֆիլհարմոնայի բեմ բարձրանալ։ Լավ հաղորդում կար՝ «Երգ երգոցը» ու իրենց միջոցով գոնե հին երգերը հնչում էին, հիմա էլ դրա փոխարեն՝ այլ հաղորդում է, բայց գոնե իմացեք՝ ինչ եք անում։

Իմ «Հայաստան» երգն աշխարհում ամենաշատը կատարվողներից է։ Ես չեմ նեղանում, երբ մարդը նոտա չունի և սխալ հարմոնիա է նվագում։ Վերջերս էլ մի ձայնագրություն ստացա՝ երկու երեխա «Մոսկվա» կինոթատրոնի մոտ երգում էին, մեկն էլ նվագակցում է։ Չեմ նեղանում՝ հասկանալով, որ մարդը չի կարողացել գտնել հարմոնիան։

Մենք ունենք սիմֆոնիկ նվագախմբեր, երգչախմբեր, ու երբ դրանք ստեղծվեցին՝ գրեցին, որ ուզում են հայկական երաժշտությունը տարածել։ Ոչ ոք չի գրել, որ դա ստեղծում ենք Վերդիի կամ Պուչինիի երաժշտության համար, որովհետև թույլ չէին տա։ Հիմա բացեք իրենց երգացանկը ու տեսեք, թե ինչ են նվագում։ 10 անգամ նույն բանն են նվագում։ Ինչո՞ւ փառատոներ չեն արվում, ինչո՞ւ մինչև 1990 թվականը կարողանում էինք գնալ Ֆիլհարմոնիա ու ասել, որ ուզում ենք՝ այս տարի լինեն 7-8 կոմպոզիտորի հեղինակային, սիմֆոնիկ համերգները, ու ոչ մի դիրիժոր չէր ասում՝ չեմ նվագելու, ոչ մի երգչախումբ չէր ասում՝ չեմ երգելու։

Ամեն տարի հեռուստատեսության հետ համաձայնություն ունեինք, համատեղ կամերային երաժշտության փառատոն էինք անում․ ոչ ոք չէր ասում՝ չեմ նվագելու։ Իսկ հիմա․․․ նայեք խաղացանկը՝ ո՞ւր են մեր կոմպոզիտորների բալետներն ու օպերաները։ Լավ, չեք կարողանում բեմադրել, զգեստներ չկան և այլն, այդ օպերաների համերգային կատարումներն արեք։ Դրա փոխարեն Պուչինի, Վերդի են կատարում։ Դուք կարծում եք՝ Իտալիայում ավելի վա՞տ են կատարում Վերդի, պետք է Հայաստանում կատարեն, որ անուն ունենա՞։ Բա թասիբն ո՞ւր է։ Աշխատավարձ ստանում եք, որ ժողովրդի ծառան լինեք։ Աշխարհում գնում, պտտվում են, 10 գործ են կատարում, որից մեկն է հայ կոմպոզիտորի գործ։ Այնինչ հակառակը պետք է լինի։ Այսքանից հետո ուզում եք, որ արվեստը զարգանա՞։

Բա կոչումները․․․ արվեստի վաստակավոր գործիչ, գուսան այսինչը․․․ ո՞ւր է այդտեղ գուսան։ Ո՞ւր է այդտեղ հայկական երաժշտություն․ դուք հասկանո՞ւմ եք՝ ինչ եք անում։ Կամ՝ մեկը երևի կաշառք է տալիս, ժողովրդական արտիստ է դառնում։ Հավասարեցնում են Արամ Խաչատրյանին։ Զզվելի է այս ամենը, դրա համար են մարդիկ հեռանում Հայաստանից։ Մտածելակերպ պետք է փոխվի։ Նախարարությունը երիտասարդների պետք է կանչի, մենեջմենթով զբաղվեն, հայկական երաժշտությունը տարածեն։

– Մենակատարի, երգչախմբի և սիմֆոնիկ նվագախմբի համար գրված «Հայաստան» երգը, որը ստեղծվել է 1984 թվականին՝ Նանսեն Միքայելյանի տեքստով, կարո՞ղ ենք համարել Ձեր հաջողության այցեքարտը։

– Կոմպոզիտորը պետք է գործ գրի, որը ժողովուրդը պետք է ընդունի։ Արամ Խաչատրյանի գործերն ընդունվում էին, որովհետև շատ էին կատարվում, ժողովուրդը շատ էր սիրում, իսկ եթե քիչ կատարվեին, ժողովուրդը չէր իմանա։ Բայց այն ժամանակ ռադիոն, հեռուստատեսությունը շատ մեծ ուշադրություն էին դարձնում։ Օրինակ, ես գրել եմ միակ կոնցերտը ջազ նվագախմբի և ձայնի համար։ Աշխարհում էլ այդպիսի բան չկա։ Կատարել է Տաթևիկ Հովհաննիսյանը 1985թ․։

Ինձ ցուց տվեք, որ այդ ձայնագրությունը ռադիոյով հաղորդվել է, այն դեպքում, երբ հանձնեցի, մի բան էլ վճարեցին այդ գործի համար։ Նույնը վերաբերում է մյուս կոմպոզիտորների գործերին։ Հայաստանում հիմա չկա մի ռադիոկայան, որ դրանով զբաղվի․ բոլորն ընկել են փողի հետևից։ Կոմպոզիտորը չի կարող գործ գրել ու մտածել՝ սա աշխարհով մեկ գնալու է։ Չնայած 2 տարի առաջ մի զարհուրելի դեպքի ականատես եղանք։ Դեռ երգը չգրված՝ ասացին, որ դա Երևանի հիմնն է։ Բա ո՞ւր է։ Հո ասելո՞վ չէ։ Ինչո՞ւ են մարդիկ երգում «Էրեբունի-Երևան»–ը, որովհետև մարդկանց սրտերին է դիպչել, նույնը՝ իմ «Հայաստան» երգը։ Հավանաբար մարդկանց դուրը եկել է։ Բայց, իհարկե, ինձ համար հաճելի է․ երբ մի տեղ ուզում եմ ներկայանալ, հիշեցնում եմ այդ երգը, միանգամից հասկանում են՝ ով եմ։ Այդ առումով՝ այո՛, անցաթուղթ է։

Մեր երաժշտական արվեստը միայն երգով չի, չէ։ Մենք ունենք հիանալի, բարձր որակի կամերային երաժշտություն, բայց մեր կոմպոզիտորները մեղք են։ Նրանց պետք է տիրություն անել, իսկ ո՞վ պետք է անի։

1998 կամ 1999 թվականն էր, ԱՄՆ-ում անցկացվում էր կամերային երաժշտության փառատոն, ու շարունակվում է՝ ամեն տարվա հուլիս ամսին կա։ Հրավիրեցին, գնացի, բայց զարացա, երբ իմացա, որ վրացիներն այնտեղ ելույթ ունեցան։ Ինձ համար նորություն էր։ Հարցրեցի, թե ինչպե՞ս եղավ, որ վրացիները ճանապարհ գտան և եկան այստեղ։ Պատասխանեցին, որովհետև Վրաստանից հրավիրեցին այս կազմակերպության նախագահին, ցուցադրեցին իրենց լավագույնը, ու մարդը սկսեց ընտրել։ Նույն բանն արեցին ուկրաինացիները, ղազախները։ Կապ հաստատեցի կազմակերպչի հետ ու ասացի՝ եթե Հայաստանից հրավիրեն, կգնա՞ք, պատասխանեց, որ շատ են լսել, կգնան, ու հավելեց, որ, բացի Ալան Հովհաննեսից, մարդ չեն ճանաչում։

Եկա Երևան,Մշակույթի նախարարին ասացի, թող գա այդ մարդը, նստի Կոնսերվատորիայում կամ Ֆիլհարմոնիայում, թող լավագույններին լսի։ Իրեն պետք է հյուրանոցի համար՝ երեք օրով, ճանապարհածախս։ Ամենաշատը կարող էր պահանջվել 7000-8000 դոլար։ Չարեցին։ Հիմա էլ տեսնում եմ՝ շատ տեղերից գալիս, ելույթ են ունենում, Հայաստանից ոչ ոք չկա։ Ինձ հրավիրում են, իմ գործերը կատարում են, բայց Հայաստանից ոչ ոք չկա․ ո՞ւմ մեղքն է դա։

Մենեջերներ են հարկավոր։ Հայ կոմպոզիտորը ո՛չ լեզու գիտի, ո՛չ արտասահմանի մենթալիտետը, ո՛չ մենեջմենթ ունի։ Մեր Օպերային թատրոնի մի քանի երգիչ՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Կոնստանտին Օրբելյանի ղեկավարությամբ, կարողացան մենեջմենթ ունենալ, մի քանիսն արտասահմանյան լավագույն բեմերում երգում են։ Նույնը պետք է անեին կոմպոզիտորների դեպքում։ Նստեին, մարդկանց լսեին, չարեցին։ Նրանք էլ ո՛չ լեզու գիտեն, ո՛չ փող ունեն, որ գնան արտասահման, ո՛չ էլ անձնագիր, որ հանգիստ մտնեն շենգենյան զոնա։ Նստած են Հայաստանում, ու ո՞նց կարելի է մտածել, որ արվեստը կզարգանա, իսկ այս ֆոնին՝ հեռուստատեսությամբ, ռադիոյով անճաշակություններ են հնչում։

– Ձեր ուսանողական տարիներին պարտադիր էր մշակել կոմիտասյան երաժշտություն։ Գուցե նաև դա՞ էր պատճառը, որ որակյալ երաժշտություն էր ներկայացվում։

Մեր ուսուցիչներն էին Էդուարդ Բաղդասարյանը, Գրիգոր Հախինյանը, Էդվարդ Միրզոյանը, պարտադրում էին, որ Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական ուսումնարանի ուսանողներն անպայման ամեն դասին Կոմիտասի հավաքած հայկական երգերն իրենց ձևով մշակեին՝ պահպանելով երաժշտական լեզուն, մաքրությունը։ Դա շատ մեծ դաստիարակչական դեր էր կատարում։ Երբ գալիս էինք Կոնսերվատորիա սովորելու՝ գիտեինք, թե մաքուր հայկական երաժշտությունը որն է։ Դրա համար է, որ մեր սիմֆոնիկ, կամերային երաժշտությունն այդքան բարձր մակարդակ ունի։ Միգուցե աշխարհով մեկ մեր հայկական այդ արվեստը բարձրագույնն է։ Դրա համար եմ ասում՝ մեծահարուստները, ովքեր վիլլաներ են սարքում, թանկարժեք մեքենաներ գնում, թող նկարիչներին, կոմպոզիտորներին օգնեն, որ մշակույթը չկորչի։

Եթե մեր գործերը շատ տարածված լինեին, հիմա շատ եկամուտ կունենայինք՝ արտասահմանյան հեղինակային իրավունքի միության միջոցով։

– Տեսեք, 21-րդ դարն է, բայց համացանցում չկա շատ բան։ Դուք ունեք ժողովրդական երգերի սկավառակ, մշակել եք հայ ժողովրդական հոգևոր երաժշտություն։ Շատ երիտասարդներ փնտրում ու չեն գտնում, որպեսզի լսեն, տարածեն նմանատիպ երաժշտություն։

– Այո, կա դրա պակասը։ Ես համացանցից բան չեմ հասկանում, հավանաբար, տարիքի հարց է։ Դա Youtube-ում տեղադրելը, տարածելը արվեստ է։ Օրինակ՝ կարող է ԿԳՄՍ նախարարությունը օգնել։ Կա՞ բաժին, որ զբաղվի համացանցում այս ամենը տարածելով․ մենեջմենթ կա՞, չկա՛։ Մի 20-30 երիտասարդ որ աշխատի, գործը գլուխ կգա։ Բայց չեն անում։ Կոմպոզիտորի գործը երաժշտություն գրելն է։

Հա, Արամ Խաչատրյանն ասում էր՝ երաժշտությունը գրելուց հետո պետք է նաև տաղանդ ունենաս այն ցուցադրելու, 100 տոկոս ճիշտ է, սակայն մեկն ունի այդ տաղանդը, մյուսը՝ ոչ։ Մարդ կա՝ դեռ գործը չգրած՝ դրա մասին արդեն խոսում էր, գիտեին, որ Մոսկվայում կատարվելու է։ Սա է, որ չի արվում, ու դրանից օգտվում են անճաշակները։

– Իսկ նոր երաժշտություն ունե՞ք, որ բառերի հեղինակին եք փնտրում։

– «Վոկալիզի» պատմությունը նկատի ունե՞ք (Ծիծաղում է․- Ա․Կ)։ Այդ երաժշտությունը ես գրեցի, բառեր չկային, ու ինձ առաջարկեցին, որ առանց բառերի երգելն ավելի ճիշտ կլինի, այդպես էլ եղավ։ Վերջերս Երևանում Օպերային թատրոնի երգչուհի Մագդա Մկրտչյանը դա հիանալի կատարեց։ Հիմա աշխատում եմ, մի քանի գործ կա։ Առանց բառերի գործ եմ գրում, կվինտենտ՝ փողային գործիքների համար։ Դա նորություն է ինձ համար, և հետաքրքրությամբ աշխատում եմ։ Անպայման չէ, որ ամեն ինչ բառերով լինի, չնայած շատ եմ ափսոսում, որ այդ գործերը չեն կատարվում։

Ունեմ ձայնասկավառակ, որն ինքս եմ թողարկել, կան 10 հայկական երգերի կատարումներ, կոչվում էր «Հայրենի ղողանջներ», ևս մի քանի երգեր, որոնք, կարծում եմ, պիտանի են ժողովրդի համար, տվել եմ մի շարք ռադիոկայանների, նաև Հանրային ռադիոյին, ոչ մի անգամ չեն կատարել, ո՞ւմ մեղքն է, ի՞մը։ Պետք է ամեն անգամ շոկոլադով գնամ, դռան դիմաց կանգնեմ, ասեմ՝ կերեք, նոր բարձրացեք ու հիշեք, որ ես ձեզ ձայնասկավառա՞կ եմ տվել։ Անելանելի վիճակ է։

– 19 տարեկանից արդեն ղեկավար պաշտոն եք զբաղեցրել, 1965-1970թթ. Երևանի «Մոսկվա» կինոթատրոնի նվագախմբի ղեկավարն եք եղել, իսկ 1976-1980թթ.՝ Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի դիրիժորը։ Հիմա Հայաստանում երբ երիտասարդ են ու ղեկավար պաշտոն են զբաղեցնում, մի տեսակ չեն ընդունում, այն ժամանակ ինչպե՞ս էր։

– Կոնսերվատորիայում ուսանող էի, եկան երկու հոգի և ասացին, որ «Մոսկվա» կինոթատրոնում նվագախմբի ղեկավար է պետք, ու որպես երիտասարդ՝ կարող եք այս գործն անել։ Ասացի, որ ինձ շատ է հետաքրքրում, կգամ, բայց փորձ չունեմ։ Գնացի, կանգնեցի 15 հոգանոց նվագախմբի առջև, որտեղ բոլորը հայրիկիս տարիքի էին։ Հարգանքով եմ միշտ վերաբերվել երաժիշտներին, ու կարծում եմ՝ դա նպաստում է, որ աշխատանքի որակն ավելի լավը լինի։ Իհարկե, այդ տարիքում ինձ համար դժվար էր, բայց 5 տարի աշխատեցի։ Ոչ մի խնդիր չեմ ունեցել, որովհետև ոչ ոքի նեղություն չեմ պատճառել։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս