Բաժիններ՝

Ինչո՞ւ վիրավորեցի որևէ մեկին, ինչո՞ւ ասացի մի բան, որը վիրավորական եղավ իմ ընկերոջ, բարեկամի համար, ինչո՞ւ նեղացրի…

Մենք երբեմն մեզ տեսնում ենք այնպիսի իրավիճակներում, այնպիսի արարքներ գործելիս, որոնց պատճառն ու շարժառիթը ինքներս էլ չենք հասկանում: Ինչո՞ւ վիրավորեցի որևէ մեկին, ինչո՞ւ ասացի մի բան, որը վիրավորական եղավ իմ ընկերոջ, բարեկամի համար, ինչո՞ւ նեղացրի: Նման դեպքերում մենք պարզապես ընկել ենք մոլորության մեջ, կորցրել Աստծուն ու մեր ճշմարիտ ուղին: Ինչպե՞ս վարվել:

Մեր անդադար աղոթքները, այո՛, զորավոր են, երբ սրտից են բխում, սակայն մի՞թե կարող է ճշմարիտ աղոթք ու խնդրանք, դարձի գալու ցանկություն լինել, երբ չունենք գիտակցումը, թե մենք էլ Աստծո տաճար ենք:

Ինչպե՞ս ենք մեզ պահում տաճարում:

Նախ ամենայն զգուշությամբ, ապա խոնարհությամբ ու երկյուղով: Սրբությամբ ենք վերաբերվում տաճարին, չէ՞ որ Աստծո տանն ենք գտնվում: Այնտեղ չենք վիրավորում մեկս մյուսին, չենք ստում, սուտ չենք երդվում, չենք բղավում, զայրանում, այլ միայն գոհություն ենք հայտնում, ներում հայցում ու աղոթում մեր ցանկությունների համար:

Սակայն մի պահ խորհենք, թե ինչու է ստացվում այնպես, որ ֆիզիկական տաճարից հեռանալով՝ այլևս չենք ցուցաբերում նույն զգուշությունը: Ինչո՞ւ չենք զգում, որ ոչ թե մենք ենք տաճարում, այլ տաճարն է մշտապես գտնվում մեր սրտերում: Որ մենք էլ մի տաճար ենք ու պիտի փորձենք պահպանել մեր հոգիները՝ տաճարը պահպանելու համար: Չէ՞ որ Սուրբ Գրքում այս մասին ասված է. «Եթե մեկը ավերի Աստծու տաճարը, Աստված էլ նրան կորստյան կմատնի, որովհետև սուրբ է Աստծու տաճարը, որ դուք եք» (Ա Կորնթացիներ 3.17):

Աստծու հոգին, ինչպես Աստվածաշնչում է ասված, բնակվում է մեր մեջ: Հեռու պահենք մեր սրտերը չար մտքերից ու արատներից, մեր հոգիները՝ զանազան մոլորություններից, որպեսզի հենց դրանով արժանանանք մեծագույն շնորհին՝ Աստծո՝ մեր հոգում բնակվելուն:

qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս