«Այդ օլիգարխը հես ա քեզ էլ է ծախելու». Հրաչ Բերբերյանը՝ Նիկոլ Փաշինյանին
Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը 168.am-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում մի քանի ուշագրավ հայտարարություն արեց:
«Իշխանությունները գյուղատնտեսությամբ չեն զբաղվում, ֆանտաստիկ պլաններ են գրում, մշակում՝ ջրաշխարհ են ստեղծում: Թե Էկոնոմիկայի նախարարությունն ի՞նչ կապ ունի ջրաշխարհի հետ, այդպես էլ չհասկացա: Վերջերս նախարարը հայտարարեց, որ Դաշտ գյուղում ալտերնատիվ աշխատատեղեր են ստեղծում գյուղի ժողովրդի համար, որ մարդիկ աշխատատեղ ունենան. վախենում է ասել, որ դա ջրաշխարհ է: Նախարարը մոռանում է ասել, որ այդ տարածքը ծիրանի այգու տարածք է, այսինքն՝ վարելահող է: Փոխանակ նախարարը մտածի, որ ծիրանի այգին վերականգնեն, ջրաշխարհի նախագիծ է իրականացնում: Այդ քայլող-վազող մարզպետների հետ մի քանի օր առաջ այնտեղ են եղել, կարծեմ՝ գյուղապետն էլ կորոնայով հիվանդ է եղել, բայց հետներն է եղել, մանրամասն տեղեկություններ կան, էլի: Ես այդ կողմերում սեփականաշնորհված հողեր ունեմ, որոնք մշակում եմ: Ինչ-որ մի արտասահմանյան ընկերություն գյուղացիներից կոպեկներով այդ հողերը ձեռք է բերել, տարբեր գներ են ասում, բայց երբ ծիրանի այգու փոխարեն՝ ջրաշխարհ են կառուցում, և դրա մասին էկոնոմիկայի նախարարն է հայտարարում, ուղղակի մնում եմ զարմացած»,- ասաց Բերբերյանը:
Հաջորդ հայտարարությունը վերաբերում է ոռոգման համակարգին. «Մի հայկական օլիգարխ պայմանավորվածություն ունի իշխանության հետ, ուզում էին հիմա անեին, բայց վախեցան ընտրություններից՝ ոռոգման համակարգը մասնավորեցնել, տալ մեկ անձի: Մեր իշխանությունները վերջին 30 տարում մոտ կես միլիարդ դոլար գումար են ներդրել ջրամբարների վերականգնման, վերանորոգման, ջրանցքների վերանորոգման համար, այդ գումարը կմնա ժողովրդի վզին, որ ժողովուրդը հետո հարկերի միջոցով փակի, կոպեկներով կտան այդ օլիգարխին: Սա ստույգ տեղեկություն է, որ այդ հարցը քննարկվել է: Իրենք հիմնավորում են, որ 10 միլիարդ սուբսիդավորում են ոռոգման համակարգը, հիմա դա կտնտեսեն: Էլի գյուղատնտեսությունից են տնտեսում. Գյուղնախը փակեցին՝ իրենք պարգևավճարներ ստացան, հիմա էլ այդ 10 միլիարդի վրա է աչքը, այստեղ էլ կտնտեսեն՝ իրենց պարգևավճարները կավելացնեն: Իսկ ամենակարևորը՝ մի կողմից այդ ոռոգման համակարգի ներտնտեսային ցանցն օրենքով համայնքների սեփականությունն է, կամ մասնավոր մարդու հողի միջով այդ առուն գնում է, բա էդ ո՞նց պետք է անեք՝ բռնի ուժով համայնքներից պետք է խլե՞ք: Հետո կասեն՝ սիրելի ժողովուրդ, այդ 10 միլիարդ սուբսիդիան պետությունը չի տալիս, հիմա ձեր կաշվից ենք հանելու: Բայց կհանեն ոչ թե 10 միլիարդ, այլ 30 միլիարդ: Այ, սա է գաղտնիքը, որ էլ բիզնես չի մնացել Հայաստանում, հիմա էլ ոռոգման համակարգն են վերցնում: Էս երկիրը ձեր համար չէ, դուք «վա՜խ, մամա ջան» գոռալով՝ փախչելու եք»:
Հրաչ Բերբերյանի խոսքով՝ եթե ոռոգման համակարգը մասնավորեցվի, ոռոգման ջրի գինը մի քանի անգամ կբարձրանա. «Գյուղացիներ, զգուշացնում եմ՝ այդ «ռեֆորմից» հետո ջրի գինը 3 անգամ կբարձրանա, արդյունքում՝ դուք ձեր հողերը չեք մշակի, հողերի արժեքը կընկնի, թուրքերը կգան՝ այդ հողերը կառնեն: Այս իշխանության նպատակը մոտենում է դրան: Մինչև ընտրությունները վախեցան դա անել, որովհետև դա լուրջ վտանգ է, ընտրություններից հետո քայլականները կգնան այդ քայլին, եթե ընտրվեն: Այնպես որ, սիրելի գյուղացիներ, նախօրոք ձեզ ասում եմ, ինքներդ որոշեք՝ այդ քայլականներին գյուղ թողնե՞լ, թե՞ ոչ»:
Դիմելով Նիկոլ Փաշինյանին՝ Հրաչ Բերբերյանն ասաց. «Այդ օլիգարխը հես ա քեզ էլ է ծախելու, իմացիր, օլիգարխներն այդպիսին են՝ այս ջոկատից վազում են այն ջոկատ: Օրինակ՝ Ռոբերտ Քոչարյանն այդ մարդուն չէր ընդունի, դավաճաններին չպետք է տեղ տալ, տեսանք՝ Ղարաբաղը ոնց տվեցին: Հիշեք իմ ասածը՝ ամենաուժեղ դավաճանները հիմա Փաշինյանի կողքին են, բա ինչի՞ չի գնում արձակուրդ՝ վախենում է իր շրջապատից»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում