«Պիեսը ոչ թե բարոյախոսություն է, այլ նախազգուշացում». «Ներոն և Սենեկա» ներկայացմամբ կբացվի «Երվանդ Ղազանչյան» թատերասրահը
ՀՀ ժողովրդական արտիստ, լուսահոգի Երվանդ Ղազանչյանը մոտավորապես 10 տարի առաջ որոշել էր Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում բացել փոքր դահլիճ, որտեղ երկար տարիներ Թատերական ինստիտուտի ուսանողները ներկայացնում էին իրենց դիպլոմային աշխատանքները, այնտեղ նաև անցկացվում էին բեմադրությունների փորձեր։
«Երվանդ Ղազանչյանի մահից հետո փորձեցինք այստեղ թատերասրահ ստեղծել, որի պաշտոնական բացումը տեղի կունենա մայիսի 12-ին՝ Էդվարդ Ռաձինսկու «Ներոնի և Սենեկայի ժամանակների թատրոնը» պիեսի հիման վրա բեմադրված «Ներոն և Սենեկա» ներկայացմամբ։ Համոզված եմ, որ նման մթնոլորտ ունեցող դահլիճ Հայաստանում չկա, սա ամենալավն է, հուսամ, որ այստեղ հետաքրքիր աշխատանքներ կներկայացվեն։ Այստեղ ստեղծագործությունների ժանրային առումով որևէ սահմանափակում չի լինելու»,- Ներոն և Սենեկա» ներկայացման փակ դիտումից առաջ ասաց Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գլխավոր ռեժիսոր, ներկայացման բեմադրիչ, Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը։
Թատերասրահը կկրի Երվանդ Ղազանչյանի անունը։
Ինչ վերաբերում է «Ներոն և Սենեկա» ներկայացմանը, Հակոբ Ղազանչյանն ասաց, որ պիեսը բոլոր ժամանակների համար է։
«Իմ կարդացած ամբողջ դրամատուրգիական ցանկի մեջ, ներառած Շեքսպիր, Չեխով, նաև անտիկ շրջանի դրամատուրգիան, որը շատ եմ սիրում, այս պիեսն ինձ համար յուրահատուկ է։
Ի դեպ, երբ Ռաձինսկին այս պիեսն ընթերցում էր Մայակովսկու թատրոնում, ներկա էի նաև ես, այս պիեսն առաջին անգամ լսել եմ հենց հեղինակի ընթերցման ժամանակ։ Իհարկե, շատ երիտասարդ էի, դեռ ուսանող էի, ու գուցե այն ժամանակ չկարողացա լրիվ խորությամբ պատկերացնել, թե ինչի մասին է այն, բայց հիմա կարծում եմ՝ պիեսը բոլոր ժամանակների համար է։ Այն ոչ թե բարոյախոսություն է, քարոզ հանդիսատեսին, այլ նախազգուշացում է հանդիսատեսին։ Ըստ իս, այս պիեսը նախազգուշացում է»,- նշեց Հակոբ Ղազանչյանը։
Նա նաև ընդգծեց, որ 17 տարի առաջ նույն պիեսը բեմադրել է նաև Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում և այն ժամանակ թեմայի վերաբերյալ այլ կարծիք է ունեցել՝ շատ ավելի պարզ կարծիք, որն իր պարզության մեջ էլ արդիական է բոլոր ժամանակների համար։
«Ես մտածում էի, որ պիեսը մտավորականի պատասխանատվության մասին է, բայց հիմա հասկացա, որ դա քիչ է, նաև դրա մասին է, բայց քիչ է։ Վերջին 1-1,5 ամսվա ընթացքում, ըստ երևույթին, նաև ներքաղաքական մթնոլորտն ազդեց, որպեսզի ավելի խորը հասկանանք այս պիեսը։ Ներկայացման մեջ Ներոնը Սենեկային ասում է. «Դու ընդամենը տնային շուն ես եղել ընձառյուծի մոտ», կարծում եմ՝ սա այն մտավորականների մասին է, որոնք տնային շուն են դառնում, պատրաստ են դառնալու տնային շուն։ Ցավոք, դրանք հատուկենտ չեն, հատկապես քաղաքական թեժ պայքարում միշտ լինում են մարդիկ, որոնք կամ այստեղ են, կամ այնտեղ, և եթե անցնում են այս կամ այն ճամբար, արդեն պարտավոր են կատարելու այդ ճամբարի կանոնները»,- շեշտեց բեմադրիչը։
Շարունակելով միտքը, Հակոբ Ղազանչյանը նկատեց, որ Ներոնը փոքր ժամանակից եղել է Սենեկայի աշակերտը, ինչպե՞ս դարձավ մեծագույն մարդասպան, ինչպես Ներոնն է իրեն բնութագրում։
«Ստալինը Սեմինարիայում սովորած մարդ էր, աստվածապաշտ էր, ինչպես նրա մայրը, որը Ստալինին այդպես էր դաստիարակել, ինչպե՞ս դարձավ բռնակալ։ Ռաձինսկին այնպիսի վերլուծություններ է անում, այնպիսի թեմաներ է ընտրում, որ կարծում եմ՝ դրանք պետք է միշտ ուսումնասիրվեն ու դրանց մասին միշտ խոսեն, որովհետև որևէ մեկս ապահովագրված չենք նման զարգացումներից»,- եզրափակեց նա։
Նշենք, որ «Ներոն և Սենեկա» ներկայացումը բեմադրվել է հենց «Երվանդ Ղազանչյան» թատերասրահի համար։