«Հնարավոր է անգամ այսօր Արցախի անկախությունը, հնարավոր է առանց որևէ գնդակի վերադարձնել Հադրութը և Շուշին». Տիգրան Թորոսյան

«Միջազգային ատյաններում պետք է հսկայածավալ աշխատանք անել, ստանալ բանաձևեր, որոնք դատապարտում են Ադրբեջանին և Թուրքիային՝ որպես ագրեսորներ, որպես մարդկանց նկատմամբ ցեղասպանության փորձ արածներ»,- Սաթիկ Սեյրանյանի «Պրեսսինգ» հողորդաշարի հերթական թողարկման ժամանակ ասաց ՀՀ Ազգային ժողովի նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը՝ հավելելով, որ տարբեր հրապարակումներում սրա մասին խոսվում է, բայց սրա տերը պետք է լինի Հայաստանը՝ որպես պետություն:

Նրա խոսքով՝ եթե դա արվի, կլինեն բոլոր հիմքերը և Հայաստանի Հանրապետության ամրության համար, և Արցախի անկախության համար:

«Հնարավոր է անգամ այսօր Արցախի անկախությունը, հնարավոր է առանց որևէ գնդակի վերադարձնել Հադրութը և Շուշին, բայց դրա համար պետք է անել հսկայածավալ աշխատանք: Իսկ դա անելու համար անհրաժեշտ է գիտելիք, կամք և երկրին՝ որպես սեփական հայրենիքի վերաբերվելու գիտակցություն, այլ ոչ թե՝ որպես տարածք, որի վրա կարելի է առևտուր անել ալիևների, էրդողանների հետ»,- ասաց Տիգրան Թորոսյանը:

Անդրադառնալով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի պնդմանը, թե Սերժ Սարգսյանը հրաժարվեց Արցախի դիմաց 5 միլիարդ դոլարից, և ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը չհրաժարվեց դրանից, ԱԺ նախկին նախագահն ասաց, որ տեղյակ չէ՝ ով ում ինչ է տվել ու վերցրել, չի էլ ուզում իմանալ:

«Լուկաշենկոյի ասածի ձայնագրությունը կա, որը բոլորը լսել են: Այստեղ անգամ Լուկաշենկոն չէ կարևոր, այլ համանախագահները, որոնք ունեն պարտավորություններ ու լիազորություններ, որոնք ներկայացնում են ոչ միայն իրենց երկրները, այլև ԵԱՀԿ-ն: Եվ այս համանախագահներից մեկը հայտարարեց, թե համանախագահներն ինչ էին դրել սեղանին: Սա նշանակում է, որ ռուս համանախագահը բոլորի անունից է հայտարարում, և որևէ մեկն առարկություն չունեցավ»,- ասաց Տիգրան Թորոսյանը:

Վերջինս նշեց, որ այն, ինչ 3 տարի առաջ արվեց այս իշխանափոխության համար, փորձ են անում հիմա կրկնել, նորից ստեղծել այդ բաժանումները, բայց մարդիկ պիտի հասկանան, որ կան փաստաթղթեր, և պետք է հավատալ փաստաթղթերին:

«Հիմա մանիպուլյացնում են, ասում են՝ բա եթե այդպես էր, ինչո՞ւ Ալիևը չէր ուզում: Իհարկե չէր ուզի, որովհետև, ի վերջո, ամեն ինչ հանգելու էր Արցախի անկախությանը: Ալիևը ժամանակ էր ձգում. երևի հույս ուներ, որ Հայաստանում իշխանության կհայտնվի ինչ-որ մեկը, որն իր տգիտության, ստախոսության, ամբարտավանության արդյունքում կհանգեցնի նման արդյունքների»,- նկատեց Տիգրան Թորոսյանը:

Նա հիշեցրեց նաև, որ 2016թ.-ից հետո հայտարարել է՝ իրեն ճնշում են, որ նա ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը:

«Եթե մարդիկ կան, ում համար Ալիևը հեղինակություն է, ուրեմն թող դա կարդան և տեսնեն, թե նա ինչ էր ասում»,- եզրափակեց Տիգրան Թորոսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս