Բարձրագույն զինվորականներին՝ առանց սահմանված հիմքերի պաշտոնից ազատելու սահմանադրականության հարցը ՍԴ վարույթում է. զեկուցող է նշանակվել Արևիկ Պետրոսյանը

Սահմանադրական դատարանը քննության է վերցրել «Հանրապետության նախագահի դիմումի հիման վրա՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասով, որն  ուժի մեջ է մտել 2018թ. հունիսի 1-ին, կառավարության ղեկավարին հնարավորություն է տրվում բարձրագույն հրամանատարական կազմի զինվորականներին պաշտոնից ազատել անկախ այն հանգամանքից՝ առկա՞ են օրենքով սահմանված՝ պայմանագրային զինծառայողին զինվորական պաշտոնից ազատելու հիմքերը, թե՞ ոչ:

Բարձր դատարանի որոշմամբ՝ գործի դատաքննությունը մեկնարկելու է 2021թ. հունիսի 1-ին: Գործով զեկուցող է նշանակվել ՍԴ դատավոր Արևիկ Պետրոսյանը: ՍԴ որոշմամբ՝  դատաքննությունն անցկացվելու է գրավոր ընթացակարգով:

Հիշեցնենք, որ նախագահ Արմեն Սարգսյանը 2021թ. մարտի 10-ին դիմում էր ներկայացրել Սահմանադրական դատարան «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:

Ըստ նախագահի հիշյալ հայտարարության՝ դիմումի ներկայացումը պայմանավորված էր նաև օրենքի իրավակիրառ պրակտիկայում առկա խնդիրներով, որոնք առավել ակնհայտ էին դարձել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու՝ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնության և դրան հաջորդած սահմանադրական իրավական գործընթացների արդյունքում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31