Շուշին թուրքին հանձնեցին Հայաստանը զավթածները. Կարեն Ավագյան
Կարեն Ավագյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Շուշին թուրքին հանձնեցին Հայաստանը զավթածները։
Շուշին հանձնելուց հետո թուրքի պատվերով քայլածներն անգամ չէին հերքում այս փաստը։ Հետո աստիճանաբար փորձեցին այդ հանձնումը դնել ողջ հայ ժողովրդի վրա։ Զարգացնելով տկար մտքերը կիսաձայն ակնարկում էին, թե քաղաք էր կար ու հիմա չկա։
Հիմա փորձում են բղավելով հաստատել, որ բավական է հիշեք Շուշին։
Սրանք մեզ զրկեցին հաղթանակից, հայրենիքից, բայց ուզում են զրկել նաև հիշողությունից։
Ուզում են համոզել, որ բոլորն իբր լուռ համաձայն էին Շուշիի հանձնման, Շուշիի չգոյության ու կորստի հետ։
Ուզում են մեզ բերել այն վիճակին, որ հաղթանակի ու Շուշիի մասին պայծառ հիշողություններն այնքան մեզ ցավեցնեն, որ ինքներս դադարենք հիշել։
Մենք այլ ճանապարհով ենք գնալու։ Այնքան ենք այդ լուսավոր անցյալով մեզ ցավեցնելու, որքան պետք կլինի գաղջ ներկայից ազատվելու ու ապագան անցյալի հաղթանակներով նորից գունավորելու համար։
Հասարակությանը չեք կարողանալու համոզել, որ համակերպվի։ Թույլ չենք տալու, որ անգամ պատրանք ստեղծեք, թե ինչ որ հատված համակերպվել է։
Մենք գնալով էլ ավելի ենք խորացնելու անհանդուրժողականությունը ձեր ու ձեր արածի հանդեպ։
Հանձնված ու կորսված Շուշի վերքն այնքան է ցավելու ու արնահոսելու Հայաստանում, որքան որ պետք լինի այն նորից արժանապատիվ տեսնելու ու տուն վերադարձնելու համար»։