Աջափնյակում անհայտ անձինք չորս կենսունակ խոշոր ծառ են հատել համայնքային տարածքում
Մարգարյան փողոցում (Աջափնյակ) մայիսի 7-ի երեկոյան ծայրահեղ անընդունելի և դատապարտելի դեպք է տեղի ունեցել. որոշ մարդիկ, կոպտորեն խախտելով օրինականության և մարդկային պարկեշտության մասին պատկերացումները, չորս կենսունակ խոշոր ծառեր են հատել համայնքային տարածքում։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Երևանի քաղաքապետարանը:
«Օրինազանցները ենթադրաբար նպատակ են ունեցել զավթել տարածքը՝ հետագայում դրա վրա ինչ-որ տնտեսական գործունեություն ծավալելու նպատակով։
Դեպքը արձանագրել են Երևանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի մասնագետները, ինչպես նաև՝ ոստիկանության ծառայողները։
Այս վրդովեցուցիչ արարքին համարժեք իրավական գնահատական կտան իրավապահ մարմինները։
Երևանի քաղաքապետարանը հետևողական է լինելու տարածքի բնական վիճակի վերականգնման հարցում։ Մասնավորապես, արդեն հանձնարարվել է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ին՝ սեղմ ժամկետներում վերստին կանաչապատել և բարեկարգել հանրային տարածքը։
Հակահասարակական նման վարքագիծ դրսևորողները որևէ արդարացում կամ ներողամտություն չեն կարող ակնկալել քաղաքային իշխանությունից»- ասված է հաղորդագրության մեջ։