
ԱՄՆ-ը կարող է խոտանել կորոնավիրուսի դեմ J&J-ի 70 մլն չափաբաժին պատվաստանյութ. New York Times

ԱՄՆ-ը կարող է կորոնավիրուսի դեմ Johnson & Johnson ընկերության մոտավորապես 70 մլն չափաբաժին պատվաստանյութ խոտանել աղտոտման պատճառով: Այդ մասին հաղորդել է New York Times թերթը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բալթիմորի ձեռնարկությունում շփոթել են կորոնավիրուսի դեմ երկու տարբեր պատվաստանյութերի բաղադրամասերը, ինչի արդյունքում պարզվել է, որ փչացել է J&J-ի 15 միլիոն չափաբաժին պատվաստանյութ:
Կառավարական աղբյուրի համաձայն, FDA-ն անհանգստացած է մյուս խմբաքանակների հնարավոր աղտոտվածությամբ, որոնք արտադրվել են աղտոտված չափաբաժինների հետ միաժամանակ:
Այժմ ամերիկյան կարգավորիչը քննարկում է J&J-ի մոտավորապես 70 մլն չափաբաժին օգտագործելու հարցը, որոնք արտադրվել են այդ գործարանում:
Հրատարակության տվյալներով՝ J&J-ի «կասկածելի» չափաբաժինների ընդհանուր քանակությունը, որոնք ստացվել են ԵՄ-ում, Կանադայում և Հարավաֆրիկյան Հանրապետությունում, կազմում է վեցից մինչև ինը միլիոն: Ավելի վաղ ԱՄՆ-ի FDA և CDC բժշկական կարգավորիչները հանել էին կորոնավիրուսի դեմ Johnson & Johnson ընկերության պատվաստանյութերի կիրառման սահմանափակումները: Երկու կարգավորիչները կարծում են, որ պատվաստանյութի օգտագործումը պետք է շարունակվի, և վստահ են, որ այն անվտանգ է և արդյունավետ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: