ՀՀ ոստիկանության զորքերում ծառայածը ՄԻՊ-ի աջակցությամբ ընդգրկվել է ՊՆ բնակարանային ապահովման հերթացուցակում
ՀՀ ոստիկանության զորքերում պարտադիր զինվորական ծառայություն անցած Կարեն Կիրակոսյանը, ով ծառայության ընթացքում ձեռք է բերել հաշմանդամություն, ընդգրկվել է Պաշտպանության նախարարության համակարգում բնակարանային հաշվառման հերթացուցակում։
«Պարտադիր զինվորական ծառայության զորակոչված բոլոր քաղաքացիները՝ անկախ նրանից, թե որ պետական մարմնի զորքերում են ծառայել, պետք է օգտվեն նույն, հավասար արտոնություններից:
Հենց այս մոտեցմամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի արդյունքը եղավ այն, որ ՀՀ ոստիկանության զորքերում պարտադիր զինվորական ծառայություն անցած Կարեն Կիրակոսյանը, ով ծառայության ընթացքում ձեռք է բերել հաշմանդամություն, ընդգրկվեց Պաշտպանության նախարարության համակարգում բնակարանային հաշվառման հերթացուցակում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ աղբյուրի՝ հարցի բարդությամբ պայմանավորված՝ գործընթացը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում կարճ չի եղել: Հարցով կայացվել է Մարդու իրավունքների պաշտպանի որոշումը մարդու իրավունքների խախտման առկայության մասին:
ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմից նաև հայտնում են, որ որոշման կատարման փուլում Պաշտպանության նախարարության և Ոստիկանության գործընկերների հետ արդյունավետ ու հետևողական աշխատանքի արդյունքում ապահովվել է Կարեն Կիրակոսյանի իրավունքների վերականգնումը: