
«ԱՄՆ-ը որևէ իրավական հիմք չունի Թուրքիային F-35-ների ծրագրից հեռացնելու համար»․ Իսմայիլ Դեմիր

Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավար Իսմայիլ Դեմիրը անդրադարձել է ամերիկյան F-35 նոր սերնդի կործանիչների արտադրության ծրագրից Թուրքիային պաշտոնապես հեռացնելու թեմային: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Դեմիրի փոխանցմամբ՝ վերջերս Թուրքիան հայտնել է, որ որևէ երկիր չի կարող միակողմանիորեն հեռացվել ծրագրից: Նա պնդել է, որ ԱՄՆ-ը որևէ իրավական հիմք չունի Թուրքիային այդ ծրագրից հեռացնելու համար:
«Կա համագործակցություն, որը հիմնված է փոխըմբռնման հուշագրի վրա: Մենք ստորագրված հուշագրի շրջանակում ասացինք, որ ոչ մի գործընկեր երկիր և նույնիսկ եթե ծրագիրը ղեկավարող երկիրն է չի կարող հեռացնել մյուս գործընկերոջը»,-ասել է նա:
Դեմիրը նաև հայտնել է, որ այդ ծրագրից Թուրքիային կարող են հեռացնել միայն այն դեպքում, եթե ծրագրի մասնակից բոլոր երկրները միաձայն կողմ արտահայտվեն կամ այդ երկիրն ինքը դուրս գա:
Նրա հաղորդմամբ՝ այս հարցի կարգավորման համար երկխոսություն է սկսվելու:
Հիշեցնենք, որ ապրիլին ԱՄՆ պաշտպանության նախարարության համալիրը՝ Պենտագոնը Անկարային ծանուցել էր ամերիկյան F-35 նոր սերնդի կործանիչների արտադրության ծրագրից Թուրքիային պաշտոնապես հեռացնելու մասին:
ԱՄՆ-ն Թուրքիայի նկատմամբ արգելք էր սահմանել ռուսական արտադրության S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի ձեռքբերման համար: