
Արցախի ոստիկանությունը կքննի ադրբեջանցիների կողմից Թաղավարդի և Մեծ Թաղերի գերեզմանատները ոչնչացնելու դեպքերը

Արցախի Հանրապետության դատախազությունը նկատի ունենալով, որ Թաղավարդ և Մեծ Թաղեր գյուղերի գերեզմանատները ոչնչացնելու մասին հրապարակումներն առերևույթ տեղեկություն են պարունակում է ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ թշնամանքի շարժառիթով պղծելու վերաբեյալ, սույն թվականի մայիսի 7-ին լրատվամիջոցների հրապարակումներն ուղարկել է ոստիկանություն` քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով քննարկելու համար: Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացնում են Արցախի գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:
«Սույն թվականի մայիսի 3-ից տարբեր լրատվամիջոցներով տեղեկություններ են հրապարակվել Արցախի Հանրապետության Թաղավարդ և Մեծ Թաղեր գյուղերի գերեզմանատները ոչնչացնելու դեպքերի վերաբերյալ:
Նկատի ունենալով, որ հիշյալ հրապարակումները առերևույթ տեղեկություն են պարունակում ԱՀ քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (Թաղման վայրերը, մահացածներին թաղելու կամ նրանց հիշատակի հետ կապված ծիսակատարությունների համար նախատեսված գերեզմանների վրա եղած շինությունները կամ առարկաները ոչնչացնելը, վնասելը կամ պղծելը, որը կատարվել է ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ թշնամանքի շարժառիթով) նախատեսված հանցագործության հատկանիշներ պարունակող արարքների վերաբերյալ, ուստի սույն թվականի մայիսի 7-ին լրատվամիջոցների հրապարակումները ուղարկվել են ԱՀ ոստիկանություն` քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով քննարկելու համար»,-հայտնեցին դատախազությունից: