Բաժիններ՝

ԿԺԴՀ-ում նախազգուշացրել են ԿՀ-ից թռուցիկների միջոցով COVID-19-ով հնարավոր վարակման մասին

Հյուսիսային Կորեայի Rodong Sinmun պաշտոնական թերթն ընթերցողներին նախազգուշացրել է Կորեայի Հանրապետությունից ուղարկված պրոպագանդիստական թռուցիկների միջոցով COVID-19-ի հնարավոր փոխանցման մասին:

«Նույնիսկ երբ մենք բախվում ենք տարօրինակ օբյեկտի, որը թռցրել է քամին, մենք պետք է այն դիտարկենք որպես վնասաբեր վիրուսի փոխանցման ուղի»,-ասվում է հոդվածում: Հրատարակությունը մարդկանց կոչ է անում՝ «մտածել և շարժվել» COVID-19-ի դեմ պայքարի սկզբունքներին համապատասխան: Ընդգծվում է, որ քաղաքացիները պետք է ակտիվացնեն հակավիրուսային ջանքերը, քանի որ, ինչպես հաղորդում է հրատարակությունը, պատվաստանյութերը «պարզվել է՝ արդյունավետ չեն» այլ երկրներում կորոնավիրուսի տարածումը կանխելու գործում:

Անցած շաբաթ Հարավային Կորեայում ակտիվիստների մի խումբ, որը բաղկացած էր հյուսիսկորեացի փախստակներից, հաղորդել է, որ մեծ օդապարիկների օգնությամբ Հյուսիս է արձակել մոտավորապես 500 հազար թռուցիկ: Դա արվել է, չնայած վերջերս Սեուլի կողմից ընդունված այդպիսի արձակումների արգելքին: Դրան ի պատասխան, Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի քույրը՝ Կիմ Յո Չժոնը, մայիսի 2-ին արձակումները որակել է «անթույլատրելի սադրանք» և նախազգուշացրել «համապատասխան գործողությունների» մասին:

Սկզբում ենթադրում էին, որ մինչև մայիս ԿԺԴՀ-ն կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի շուրջ 1,7 մլն չափաբաժին կստանա COVAX Facility ծրագրի շրջանակներում, բայց մատակարարումը հետաձգվել է: Հյուսիսային Կորեան առաջվա պես հայտարարում է, որ երկրում չկա կորոնավիրուսի դեպք: Սակայն ԿԺԴՀ-ում պահպանվում են խիստ հակահամաճարակային միջոցառումները, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս