ԱՄՆ-ը կդառնա առաջին երկրներից մեկը, որը կանդամակցի ԵՄ-ի պաշտպանական ծրագրին. Reuters
Եվրամիությունն ԱՄՆ-ին, Նորվեգիային եւ Կանադային կթույլատրի անդամակցել Անվտանգության եւ պաշտպանության ոլորտում մշտական կառուցավորված համագործակցության (PESCO) ռազմական ծրագրին, որը նպատակամղված է ուժերի ծավալման օպերատիվ հնարավորությունների ընդլայնմանը: Մայիսի 5-ին այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Եվրամիության աղբյուրներ:
Միության անդամ երկրների պաշտպանության նախարարների կողմից այդ որոշման ընդունումը սպասվում է մայիսի 6-ին: «Դա շատ կարեւոր է անդրատլանտյան համագործակցության եւ Եվրամիության երկրների եւ ՆԱՏՕ-ի գծով նրանց դաշակիցների միջեւ արդյունավետ փոխգործակցության համար»,- մեջբերում է գործակալությունն աղբյուրի խոսքը: Նրա տվյալներով՝ PESCO-ի գլխավոր նպատակը ԵՄ-ի անդամների միջեւ տեղեկատվության փոխանակման գործընթացի կատարելագործումն է եւ սահմաններին բյուրոկրատական ընթացակարգերի թուլացումը, ներառյալ մաքսային կանոնների համաձայնեցումը՝ Եվրոպայում ՆԱՏՕ-ի ռազմական տեխնիկայի արագ ծավալման եւ անդրսահմանային տեղափոխման պարզեցված կարգի ապահովման համար:
Աղբյուրը չի բացառել, որ ծրագրին կարող են միանալ նաեւ ԵՄ-ի մեջ չմտնող այլ պետեություններ: Մասնավորապես խոսքը կարող էվերաբերել Եվրամիությունը լքած Մեծ Բրիտանիային, թեեւ, աղբյուրի տեղեկատվությամբ՝ այդ հարցի շուրջը բանակցություններ նրա հետ առայժմ չեն վարվել: PESCO ծրագիրը ԵՄ-ն հաստատել է 2017 թվականին՝ պաշտպանունակության, եվրոպական ռազմական գործողությունների համար դրա մատչելիության համատեղ զարգացման համար: Ծրագրին իրենց մասնակցությունն են հավաստել Եվրամիության 25 երկրները: Բրյուսելում ընդգծում են, որ PESCO-ն չի դառնա ՆԱՏՕ-ի մրցակիցը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: