Իրենք ապացուցեցին, որ արդարության կողմնակից են, մենք՝ որ անկախ նրանից՝ պաշտոն ունենք, թե պաշտոն չունենք, մեր պետության ու մեր ժողովրդի կողքին ենք․ Էդուարդ Շարմազանով

Այսօր Լատվիայի խորհրդարանը հատուկ հայտարարությամբ պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը․ կողմ են արտահայտվել Սաեյմայի 100 անդամներից 58-ը։

ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը, որը ղեկավարել է ՀՀ ԱԺ Հայաստան-Լիտվա, Լատվիա, Էստոնիա բարեկամական խումբը,   ֆեյսբուքյան էջում թեմային անդրադառնալով՝ նշել է. «Լատվիայի խորհրդարանը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը՝ 58 կողմ ձայնով։ Քիչ առաջ ինձ հաղորդեց խորհրդարանի փոխնախագահ Անդրեյ Կլեմենտևսը։ Շնորհակալ եմ իմ ընկեր Անդրեյ Կլեմենտևսին և բոլոր լատվիացի պատգամավոր ընկերներիս։ Մեր պայքարը, որ սկսվել էր դեռ 2015-ին, այսօր իր արդյունքը տվեց»։

Էդուարդ Շարմազանովը 168.am-ի խնդրանքով անդրադարձավ նաև Լատվիայում  Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ տարիներ շարունակ իրականացված աշխատանքներին․ «2013 թվականից սկսած՝ ես՝ որպես Հայաստան-Լատվիա բարեկամական խմբի ղեկավար, սկսել եմ սերտ համագործակցության եզրեր փնտրել և աշխատել մեր լատվիացի գործընկերների հետ։ Առաջին հաջողությունը եղել է 2015 թվականին, երբ Լատվիայի Ազգային գրադարանում բացվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես, որի նմուշները տրամադրվել էին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կողմից, նորից Անդրեյ Կլեմենտևսի օժանդակությամբ։

Հենց այդ օրերին ես իմ առջև խնդիր էի դրել և դրա մասին պարզ խոսել Լատվիայի խորհրդարանի բոլոր խմբակցությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ,  որ մենք երկու բարեկամական խմբերով վերցնում ենք ուղի՝ դեպի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչում»։

Նա երախտագիտությամբ հիշեց, որ և՛ ապրիլյան պատերազմի օրերին, և՛ 44-օրյա պատերազմի օրերին ևս Լատվիայի գործընկերները Հայաստանի կողքին են եղել․ «2016 թվականին լատվիացի պատգամավոր Սերգեյ Պոտապկինսն իմ հրավերով եկավ Հայաստան, և  մենք միասին մեկնեցինք Արցախ ապրիլյան պատերազմի ժամանակ։ Դրան հաջորդեց իմ այցը Լատվիա, որտեղ մենք պայմանավորվեցինք արդեն՝ Լատվիայի խորհրդարանը պետք է կարճ ժամանակահատվածում վավերացնի Հայաստան-Եվրոպական միության ասոցիացման համաձայնագիրը․ նպատակը եղել է շատ հստակ՝ Արցախյան հիմնահարցում այդ ձևակերպումները մեզ շատ ձեռնտու էին՝ այնտեղ հստակ նշված էր ինքնորոշման իրավունքի իրացումը։ Դա էլ եղավ․ Լատվիան առաջին երկրներից էր, որ վավերացրեց։

Արդեն 44-օրյա պատերազմի օրերին մշտապես կապի մեջ եմ եղել Լատվիայի իմ գործընկերների հետ, և կրկին  Անդրեյ Կլեմենտևսը հանդես եկավ Ադրբեջանի ապակառուցողական և ահաբեկչական գործողությունները դատապարտող հայտարարությամբ»։

Էդուարդ Շարմազանովը հավելեց, որ այս ամենին զուգահեռ՝ չեն դադարել համատեղ աշխատանքները, որպեսզի Լատվիայի խորհրդարանը ճանաչի Հայոց ցեղասպանությունը։ ԱԺ նախկին փոխնախագահն անգամ մեկ ամիս առաջ  ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ եվրոպական երկրներից մեկը կճանաչի Հայոց ցեղասպանությունը, սակայն փակագծերը չի բացել՝ հաշվի առնելով թուրքական հզոր լոբբին, որը կարող էր խոչընդոտել ընթացող համատեղ աշխատանքները։ Եվ միայն այսօր՝  քվեարկությունից անմիջապես հետո է նա շտապել հայտնել այս կարևոր տեղեկությունը․ «Հենց դահլիճից Անդրեյ Կլեմենտևսը հեռախոսազրույց ունեցավ, ասեց, որ մեր բոլոր ընկերները, ովքեր որ խոսք են տվել, կողմ են քվեարկել, և մենք 58 ձայնով արդեն ճանաչել ենք Հայոց ցեղասպանությունը։

Ինքը նաև ինձ ընկերաբար ասեց՝ ես իմ խոստումը, որը 2015 թվականին Ռիգայում քեզ տվել եմ, ես և քո լատվիացի պատգամավոր ընկերները կատարել ենք։

Ես էլ շնորհակալ եմ Լատվիայի խորհդարանի 58 պատգամավորներին՝ իմ լավ բարեկամ Անդրեյ Կլեմենտևսի գլխավորությամբ․ իրենք ապացուցեցին, որ առաջինը՝ արդարության կողմնակից են, Ցեղասպանության դատապարտման ջատագով են և շատ լավ ընկերներ են։ Մենք էլ ապացուցեցինք, որ անկախ նրանից՝ մենք պաշտոն ունենք, թե պաշտոն չունենք, միշտ էլ մեր ազգային հարցերում մենք մեր պետության ու մեր ժողովրդի կողքին ենք ու շարունակելու ենք ամեն ինչ անել, որպեսզի թուրք-ադրբեջանական հակահայկական գործողությունների դեմն առնենք»։

Տեսանյութեր

Լրահոս