«Որպես քաղաքական գործիչ՝ ոչինչ չեմ բացառում, ցանկացած հարց քննարկելի է». Սերգեյ Բագրատյանը՝ ՔՊ ցուցակում ընդգրկվելու մասին

Մամուլն արդեն մի քանի անգամ գրել է, որ ԲՀԿ-ն լքած պատգամավոր Սերգեյ Բագրատյանը պատրաստվում է արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով:

168.amի հետ զրույցում պատգամավորն անդրադառնալով շրջանառվող այս լուրերին, նշեց, որ քաղաքականությամբ զբաղվող անձինք խորհրդակցությունների միջոցով փորձում են որևէ քաղաքական ուժի հետ գնալ ընտրությունների:

«Նախ այս պահի դրությամբ ապացուցված չէ, որ ընտրություններ կայանալու են, քանի դեռ իրավունքի ուժով խորհրդարանը չի լուծարվել, արտահերթ ընտրություններ չեն կարող լինել: Նախնական տեսքով, զրույցների մակարդակով բազմաթիվ առաջարկներ կան, նույն «Իմ քայլից» ու այլ ուժերից, և ոչ թե՝ առաջին դեմքերից, այլ՝ տվյալ քաղաքական ուժի անդամների կամ արբանյակների միջոցով: Այս ամենը դեռ պաշտոնական չէ և արժանի չէ մամուլի ուշադրությանը, երբ ամեն ինչ պաշտոնական դառնա, այդ ժամանակ էլ հայտարարությամբ հանդես կգամ»,- նշեց Սերգեյ Բագրատյանը:

Հարցին՝ եթե իշխանությունը նման առաջարկ անի, դրական պատասխան կստանա՞, Սերգեյ Բագրատյանը պատասխանեց, որ ցանկացած հարց քննարկելի է:

«Որպես քաղաքական գործիչ՝ ոչինչ չեմ բացառում, ցանկացած հարց քննարկելի է»,- շեշտեց նա:

Հարցին՝ հանրությունը ներկայիս իշխանությանն անվանում է պարտված և դավաճան իշխանություն, եթե նրա հետ գնա արտահերթ ընտրությունների, դա ի՞նչ ազդեցություն կունենա իր անվան վրա, այդ մասին մտածե՞լ է, Սերգեյ Բագրատյանը պատասխանեց, թե շատ բաների մասին է մտածել և դեռևս չի գտնում մեկ քաղաքական ուժի, որին հանրությունը դավաճան ասած չլինի:

«Սա մեր հասարակության համար դարձել է բերանի ծամոնի նման մի բան, ով չի ալարում, էն մյուսին դավաճան է հանում: Սա լուրջ իրավական կատերգորիա է, պետք է ապացուցվի, էնպես չէ, որ ձեզ ասում եմ՝ դավաճան, ու վերջ, դուք դառնում եք դավաճան»,- հավելեց պատգամավորը:

Դիտարկմանը՝ իսկ պատերազմում պարտվելը՝ Սերգեյ Բագրատյանը նկատեց. «Հիմա որ ձեզ հինգ հոգով ծեծեն ու դուք նրանց հետ չկարողանաք կռվել, դա նշանակում է՝ դավաճա՞ն եք: Այստեղ դավաճանության փաստ չկա, դավաճանության փաստն այն կլինի, որ մենք ապացուցենք, որ սա պայմանավորված պատերազմ էր»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս