«Եթե Երևանի պետական համալսարանը դուրս գա փողոց, իրենց իշխանությանը կմնան հաշված օրեր». Վահագն Վարագյան

«Երևանի պետական համալսարանը (ԵՊՀ) վերջին 3 տարիների ընթացքում այս իշխանությունների համար կարծես թե դարձել է փորձաքար և այնպիսի մի ամրոց, որն իրենք ամեն գնով ուզում են գրավել՝ առանց հասկանալու, որ ԵՊՀ-ն մեր երկրի ինտելեկտուալ, գիտական խավի համահավաք մարմնավորումն է, և ԵՊՀ-ից է կախված մեր երկրի ապագան, քանի որ բազմաթիվ սերունդներ կրթվել և կրթվում են ԵՊՀ-ում: ԵՊՀ-ի հետ նման կերպ վարվելը կարծես թրքաբարո ավազակների կողմից հարձակում է Համալսարանի վրա»,- 168.am«Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ժամանակ ասաց Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանը՝ անդրադառնալով կառավարության նոր որոշմանը և, մասնավորապես, ԵՊՀ կառավարության խորհրդի ձևավորման կարգի փոփոխությանը, որով իշխանությունների ներկայացուցիչները ճնշող մեծամասնություն են ստանում:

Վերջինս վստահ է՝ ԵՊՀ-ն ոչ մի կերպ չի նահանջելու, չի հրաժարվելու իր ինքնավարության գոնե այն մասից, որն ունի, ու շարունակելու է պայքարել հանուն մեր երկրի կրթական ապագայի:

«Այս կապիտուլյանտ իշխանությունները, ովքեր մեր հայրենիքի մի մասը հանձնել են թուրքերին, հանձնել են Շուշին, չեն կարողանալու գրավել ԵՊՀ-ն»,- ասաց Վահագն Վարագյանը:

Ըստ Վահագն Վարագյանի՝ կառավարության այս որոշումը հակասում է այն հայտարարությանը, որը 2018թ. «սահմանադրական կարգի տապալմամբ իշխանությունը զավթելու ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Ֆրանսիայի հրապարակում»:

«Որպես հայտնի պոպուլիստ, կապիտուլյանտ և այս երկրին դավաճանած վարչապետ՝ նա հայտարարել է, որ առաջիկայում եթե նա վերցնի իշխանությունը, բուհ-ական համակարգն ամբողջովին ապաքաղաքականացվելու է և ինքնավարությունն ամբողջովին հանձնվելու է բուհ-ին: Նա բառացիորեն ասել է, որ բուհ-ի ղեկավար կազմը պետք է ընտրվի բուհ-ի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների կողմից»,- ասաց Վահագն Վարագյանը՝ հավելելով, որ այս իրադարձություններից հետո ևս մեկ անգամ համոզվում են, որ գործ ունեն ստախոսի հետ:

«Գործ ունենք քաղաքական խուժանի հետ, ով, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, զավթել է իշխանությունը և իր որևէ հայտարարություն մինչև իշխանության զավթումը և իր գործերի հերթականությունը որևէ կերպ իրար չեն համապատասխանում»,- ասաց համալսարանական պաշտոնյան:

Հիշեցնենք, որ մայիսի 4-ին կառավարությունը որոշում է ընդունել, որով հաստատել է պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների կառավարման խորհուրդների ձևավորման կարգը փոփոխելու վերաբերյալ նախագիծը։ Ըստ այդմ՝ կառավարման խորհուրդների անդամների թիվը 32-ից հասցվել է 20-ի, որից 55%-ին կնշանակի կառավարությունը, 10 տոկոսը՝ ԿԳՄՍՆ-ն, 10 տոկոսը՝ բուհ-ի պրոֆեսորադասախոսական կազմը, 25 տոկոսն էլ՝ ուսանողական կազմը։

Վահագն Վարագյանը վստահ է՝ այս պարագայում Համալսարանի ինքնավարությունը, որպես այդպիսին, ոչնչանում է:

«Այս իշխանությունների 3 տարվա գործունեության ընթացքում տեսել ենք, որ հայտնվում են մարդիկ, ովքեր ատում են ԵՊՀ-ն, ովքեր իրենց ուսանողական տարիներին եղել են անհաջողակներ, ու դա կապում են Համալսարանի հետ և ատելով ԵՊՀ-ն՝ փորձում են վնասել նրան»,- նկատեց Վահագն Վարագյանը:

Համալսարանական պաշտոնյան պնդում է՝ եթե նույնիսկ ունենան իրենց համար նախընտրելի ռեկտոր ու ղեկավար կազմ, նրանց հետագա կառավարումն այնպես, ինչպես իրենք են պատկերացնում, կիսաֆաշիստական մեթոդներով, հնարավոր չի լինելու. համալսարանականները կառավարելի ու ենթարկվող չեն լինելու:

Ինչ վերաբերում է ԵՊՀ ռեկտորի ժ/պ Գեղամ Գևորգյանին ու այն լուրերին, որ նա մտահոգ է Մայր բուհ-ի ճակատագրով, Վահագն Վարագյանն ասաց, որ, եթե նա իսկապես մտահոգ է, պետք է հետ վերցնի ԵՊՀ ռեկտորի ժ/պ-ի պաշտոնից հեռանալու դիմումը, մինչև ԵՊՀ-ի շուրջ  հարցի հանգուցալուծումը:

«Եթե հիմա Գեղամ Գևորգյանը հեռանա, Համալսարանն ամբողջապես կքանդվի, իսկ իշխանությունների բոլոր քայլերը ցույց են տալիս, որ նրանք ուզում են հասնեն ԵՊՀ լիակատար ոչնչացմանը: Այս մարդիկ չհասկացան, որ ԵՊՀ-ի հետ չի կարելի այսպես վարվել, իսկ եթե Համալսարանը դուրս գա փողոց, իրենց իշխանությանը կմնան հաշված օրեր»,- ասաց Վահագն Վարագյանը:

Նա իշխանություններին հիշեցրեց, որ Համալսարանն իրենց համար իրենց պատկերացրած կառավարությունը չէ, ու իրենք չեն կարող իրենց ուզած ձևով Համալսարանը վերցնել:

«ԵՊՀ-ում այնպիսի մարդիկ են, ովքեր կանգնած են մեր երկրի ստեղծման ակունքներում»,- եզրափակեց Վահագն Վարագյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս