Pfizer Inc-ը և BioNTech SE-ն պատվաստանյութեր կտրամադրեն Տոկիոյի Օլիմպիական խաղերի մասնակիցներին
Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութեր արտադրողները՝ Pfizer Inc-ը եւ BioNTech SE-ն, Միջազգային օլիմպիական կոմիտեին (ՄՕԿ) պատվաստանյութեր կհատկացնեն Տոկիոյում կայանալիք ամառային Օլիմպիական եւ Պարալիմպիական խաղերի ժամանակ մարզիկների եւ մարզիչների անվտանգությունն ապահովելու համար: Այդ մասին հաղորդում է ՄՕԿ-ը։
ՄՕԿ-ի եւ պատվաստանյութեր արտադրողների միջեւ համապատասխան հուշագիրն ստորագրվել է մայիսի 6-ին:
Մարզիկների շրջանում պատվաստանյութերի բաշխմամբ կզբաղվեն Ազգային օլիմպիական կոմիտեները՝ «յուրաքանչյուր երկրի պատվաստման սկզբունքներին եւ տեղի օրենսդրությանը համապատասխան»:
Նշվում է, որ բազմաթիվ երկրների կառավարություններ արդեն դրական քայլեր են ձեռնարկել այդ ուղղությամբ եւ իրենց ԱՕԿ-ի եւ ԱՊԿ-ի (ազգային օլիմպիական եւ պարալիմպիական կոմիտեներ) հետ կոնսուլտացիաներ կանցկացնեն Խաղերի մասնակիցների պատվաստումների համար: ԱՕԿ-ի եւ ԱՊԿ-ի արձագանքների հիման վրա սպասվում է, որ Խաղերի մասնակիցների զգալի մասը կպատվաստվի Ճապոնիա ժամանելուց առաջ:
Փոխմբռնման նոր հուշագիրը լրացնում է այդ ջանքերը: Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերը կորոնավիրուսի համավարակի պատճառով 2020-ից հետաձգվել էին 2021 թվական: Դրանք պետք է անցկացվեին հուլիսի 23-ից մինչեւ օգոստոսի 8-ը, Պարալիմպիականները՝ օգոստոսի 24-ից մինչեւ սեպտեմբերի 5-ը:
Օտարերկրացի երկրպագուները չեն կարողանա այցելել Տոկիոյի խաղերին: Ճապոնիայից հանդիսատեսների թվի մասին հարցը, որոնց թույլ են տալու այցելել մարզադաշտեր, մինչեւ այժմ լուծված չէ եւ, ԶԼՄ-ների տվյալներով, կարող է հետաձգվել մինչեւ հունիս: «Այդ պատվաստանյութերը նվիրատվություններ են. եւս մեկ միջոց, որը կօգնի Տոկիոյի 2020 թվականի Օլիմպիական եւ Պարալիմպիական խաղերը դարձնել անվտանգ եւ՝ անվտանգ բոլոր մասնակիցների համար, ինչպես նաեւ համերաշխություն ցուցաբերել Ճապոնիայի մեր սիրալիր տանտերերի հետ»,-ասել է ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: