«Փաշինյանը չի համարվում Լևոն Տեր-Պետրոսյանի սանը». Հովիկ Աղազարյան
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը՝ նշելով, որ վերջինս հիպնոսելու հատկություն ունի և կարողանում է մարդկանց հիպնոսել՝ ընդգծելով, որ Հայաստանում «բոլոր աղետների կնքահայրն ու գործողը» եղել է Առաջին նախագահը:
Դիտակմանը, որ նա նաև Նիկոլ Փաշինյանի քաղաքական կնքահայրն է եղել, Հովիկ Աղազարյանն արձագանքեց՝ ասելով՝ Նիկոլ Փաշինյանը չի համարվում Լևոն Տեր-Պետրոսյանի սանը:
«Փաշինյանը չի համարվում Լևոն Տեր-Պետրոսյանի սանը: Երբ Փաշինյանը միացավ Տեր-Պետրոսյանին, նա արդեն բավականին կայացած քաղաքական գործիչ էր: ՀԱԿ-ը շարժման նման մի բան էր, չէ՞, որտեղ կարող էին լինել տարբեր քաղաքական ուժեր ու անհատներ, Փաշինյանն այդ անհատներից մեկն էր, ով այդ միավորման շրջանակներում դարձավ պատգամավոր: Հետո Լ. Տեր-Պետրոսյանը ՀԱԿ-ը դարձրեց ՀԱԿ, նույն ձեռագիրն է, նույն ՀՀՇ-ի հետ էլ ինքը այդ ձևով վարվեց»,- ասաց Հովիկ Աղազարյանը:
Միաժամանակ նա ընդգծեց, որ Լևոն Տեր-Պետրոսյանը Երկրորդ և Երրորդ նախագահներին ուղերձ հղելով, գուցե նպատակ է ունեցել Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան առանցքի շուրջ գտնվող անհատներին ու քաղաքական ուժերին համախմբել իր շուրջ:
«Ինքն ուղերձ է հղել, որպեսզի իրենք միավորվեն, որովհետև բոլորն էլ գիտեն, որ իրենց վիճակը դժվարանում է, շարժումը նվազում է, ուզում է համախմբվեն, որպեսզի ժողովուրդը տեսնի համախմբում: Սակայն համախմբում այդ կերպարներով ժողովուրդն էլ չի ընդունի: Այսպես թե այնպես, Սերժ Սարգսյանի շրջապատը, նկատի ունեմ քաղաքական շրջապատը, 1-2 լևըլ բարձր է, քան Ռոբերտ Քոչարյանինը: Սերժ Սարգսյանի քաղաքական շրջապատի ներկայացուցիչները նրա հետ, բացի անձնականից, կապված են նաև քաղաքական հենքի վրա, որովհետև իրենցից որակ են ներկայացնում: Իսկ Ռոբերտ Քոչարյանի դեպքում այդպես չէ»,- շեշտեց նա:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում