«Պատասխանող կողմը, չունենալով ապացույցներ, ուզում է ապացուցման բեռը դնել մեզ վրա». կայացավ «Քոչարյանն ընդդեմ Փաշինյանի» դատական նիստը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Ալեքսեյ Սուքոյանի նախագահությամբ, կայացավ Նիկոլ Փաշինյանի դեմ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ներկայացված քաղաքացիական հայցի գործով նախնական դատական նիստը:

Դատարանում Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ, փաստաբան Հայկ Ալումյանը ներկայացրեց հայցի առարկան, որը վերաբերում էր 2020թ. մարտի 11-ին Սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարություններին:

Փաշինյանն ասել էր. «Ասում եմ անվանական, Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, Գագիկ Խաչատրյան, Արամ Հարությունյան, եվրոպացիների փեշերի տակ չեք պախկվի, ձեր թալանածը կոպեկ-կոպեկ պտի բերեք, և բանակի զարգացման և Արցախի ինքնորոշման պաշտպանման գործին պետք է լծենք: Ես ձեզ խորհուրդ եմ տալիս կամավոր բերել, չբերեք, բերման կենթարկենք», «Նրանք Հայաստանում քաղաքական գործունեություն վարելու հնարավորություն չունեն, Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ նրանք հիմա միայն մի բան ունեն անելու՝ կամավոր թալանածը կոպեկ-կոպեկ վերադարձնել բանակին, Զինված ուժերին, Արցախին, Հայաստանի Հանրապետությանը, Արցախի ժողովրդին և Հայաստանի ժողովրդին, և ժողովուրդը կքննարկի՝ ների նրանց, թե չների», «Ես հայտարարել էի, որ առաջիկա 5 տարվա ընթացքում 2.5 միլիարդ հավելյալ պետք է ծախսենք մեր բանակի մարտունակության բարձրացման վրա, որից 1.7 միլիարդը հակակոռուպցիոն պայքարով վերադարձրածը պետք է լինի, էդ փողերը Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի մոտ են, թող բերեն, վերադարձնեն»:

Ավելի վաղ փաստաբան Հայկ Ալումյանը 168.am-ի հետ զրույցում ասել էր, թե այդ հայտարարությունից հետևում է, որ Նիկոլ Փաշինյանը Ռոբերտ Քոչարյանին մեղադրում է թալանի մեջ:

Հայցի առարկան ներկայացնելուց հետո, պատասխանող Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչ, փաստաբան Գևորգ Գյոզալյանը հայցի առարկայի վերաբերյալ հարցեր հնչեցնելու իր հնարավորությունից օգտվելով՝ նախ նշեց, թե Փաշինյանի հայտարարությունները ուղղված են եղել թալանին, ապա հայցվորի ներկայացուցչին խնդրեց պատասխանել այն հարցերին, թե 1998-2008թթ․ նախագահի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում Ռոբերտ Քոչարյանն արդյո՞ք միայն իր աշխատավարձով է ապրել, ինչ եկամուտներ է  ունեցել այդ ընթացքում, ինչ գումարներ է կանխիկացրել Ռոբերտ Քոչարյանի որդի Սեդրակ Քոչարյանը 2008թ․, և այլն: Հարցերի մի մասը դատարանը հանեց՝ նշելով, թե դրանք ուղղակիորեն չեն առնչվում հայցի առարկային:

Այլ դատական նիստի մեկնարկով պայմանավորված՝ այսօրվա դատական նիստը հետաձգվեց և նախնական մյուս նիստը նշանակվեց սեպտեմբերի 14-ին:

Դատական նիստի ավարտից հետո փաստաբան Հայկ Ալումյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ մեկ տարի առաջ ներկայացրած իրենց հայցի արդյունքում պատասխանող կողմը անգամ չի կարողացել Փաշինյանի հայտարարությունները ապացուցող փաստարկներ ձեռք բերել ու հիմնվում է միայն մի հոդվածի վրա:

«Այս մի տարվա մեջ էլ ոչինչ չի կարողացել հավաքել: Գիտե՞ք՝ ինչ է բերել որպես ապացույց: Բերել է մի հատ ռուսական սայթից 2011թ․ մի հատ տեղեկատվություն, թե իբր այս, այս, այս գույքերը պատկանում են Ռոբերտ Քոչարյանին, այ այս տեղեկատվության հիման վրա Նիկոլ Փաշինյանի թերթի նյութը, որտեղ հղում է արվում ռուսական սայթի վրա և այդ նույն ինֆորմացիան է ներկայացվում, և ևս երկու թերթ՝ Հայաստանի Հանրապետության, որոնք, այս անգամ Նիկոլ Փաշինյանի թերթի վրա հղում անելով, էլի այդ նույն ինֆորմացիան տպել են: Այսինքն՝ այսքան ժամանակ այսքան հնարավորություն ունենալով ապացույցներ հավաքել և այսքանից հետո ունենալ միայն մի հատ ռուսական սայթից տպված մի հատ ինֆորմացիա, դա ոչ թե նշանակում է, որ ինքը անհիմն հայտարարություններ է արել, դա նշանակում է, որ այդ հայտարարությունները ի սկզբանե սուտ են եղել: Եթե դրանց մեջ մի փոքր ճիշտ բան լիներ, ինքը այս ամբողջ ընթացքում բոլոր հնարավորություններն ուներ այդ ինֆորմացիան ստանալու, բերելու դատարան…

Պատասխանող կողմը, չունենալով ապացույցներ, ուզում է ապացուցման բեռը դնել մեզ վրա: Դրա համար բավականին հմտորեն ու շատ լավ մասնագետի կողմից  կիրառվեցին հայտնի հնարքներ՝ փորձելու ապացուցման բեռը շեղել մեզ վրա: Մենք չգնացինք այդ ճանապարհով, մենք աշխատեցինք, որպեսզի ապացուցման բեռը շարունակի մնալ պարոն Փաշինյանի վրա: Ինքը, ի վերջո, պիտի իր ամեն ասածի համար, այն էլ՝ նախապես, ոչ թե հետո, ինքը պիտի սովորի, որ մի բան խոսելուց առաջ պիտի ունենա դրա տակ հիմքեր, ոչ թե խոսի, հետո եթե դատի կտան, նոր սկսի հիմքեր փնտրել»,- լրագրողների հետ զրույցում ասաց Հայկ Ալումյանը:

Նշենք նաև, որ քաղաքացիական հայցով Ռոբերտ Քոչարյանը պահանջում է Նիկոլ Փաշինյանից հրապարակայնորեն հերքել հնչեցրած արտահայտությունները և որպես բարոյական փոխհատուցում՝ Ռոբերտ Քոչարյանին փոխանցել 2 մլն ՀՀ դրամ:

Տեսանյութեր

Լրահոս