Բաժիններ՝

Ղրղզստանում ավելի քան 200 օբյեկտ է ավերվել սահմանի վրա հակամարտության ընթացքում

Ղրղզստանում անշարժ գույքի ավելի քան 200 օբյեկտ է ավերվել Տաջիկստանի հետ սահմանին տեղի ունեցած հակամարտության ընթացքում: Այդ մասին ՌԻԱ Նովոստի գործակալությանը մայիսի 6-ին հաղորդել են Ղրղզստանի արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) մամուլի ծառայությունում։

«Ղրղզստանի Հանրապետության ԱԻՆ-ի հաշվարկներով՝ քանդվել է 136 տուն եւ 84 օբյեկտ, որոնցից մեկ դպրոց, մեկ ԲՄԿ (բուժակա-մանկաբարձական կետ), մեկ մանկապարտեզ, մեկ բուժկետ, մեկ ատամնաբուժարան, երկու դեղատուն, մեկ գրադարան, 27 ավտոլցակայան, 34 խանութ, հինգ ճաշարան, երեք ռեստորան, ինչպես նաեւ յոթ պետական շենք: Ներկայում ԱԻՆ-ի հատուկ հանձնաժողովն աշխատում է նյութական վնասը պարզելու վրա»,-հայտարարել է մամուլի ծառայության ներկայացուցիչը:

Ապրիլի 29-ին Ղրղզստանի եւ Տաջիկստանի սահմանային շրջանների տեղական բնակիչների հակամարտությունը վերաճել է երկու երկրների զինվորականների զինված դիմակայության: Բախումները Ղրղզստանի եւ Տաջիկստանի սահմանապահների միջեւ տեւել է ավելի քան վեց ժամ: Երկու կողմից զոհվել է մոտավորապես 50 մարդ, ավելի քան 200-ը՝ տուժել: 300-ից ավելի տուն եւ ենթակառուցվածքային օբյեկտներ են ավերվել կամ այրվել: Ապրիլի 29-ի երեկոյան կողմերը պայմանավորվել են հրադադարի եւ ուժերը սահմանից հետ քաշելու շուրջ, սակայն հաջորդ օրը փոխհրաձգությունները վերսկսվել են: Հերթական զինադադարը ձեռք է բերվել ապրիլի 30-ի երեկոյան: Տաջիկստանի բոլոր զինվորականները Ղրղզստանի տարածքից հեռացել են մայիսի 1-ին: Ներկայում իրադրությունը սահմանի վրա կայուն է:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս